«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Իր գաղափարական ուղղվածությամբ «Տաշիր–2011–ը» չէր տարբերվում նախորդ «Տաշիրներից»՝ նույն ռաբիսության եւ ռուսամոլության գռեհիկ ցուցադրումն էր՝ լճացման շրջանի «քյաբաբ–շոու»–ի հոտով։ Ես ինքս ռուսական մշակույթի ջերմ երկրպագու եմ, մեր բարեկամ ժողովուրդն իսկապես ստեղծել է հզոր ազգային արվեստ՝ առաջին հերթին գրականություն ու երաժշտություն, որոնց նմուշներին ծանոթ չլինելը ուղղակի աղքատացնում է մարդուն։ Բայց «ռուսական մշակույթ» ասելով ես հասկանում եմ, օրինակ, Պուշկին կամ Չայկովսկի, ոչ թե Նիկոլայ Բասկով կամ Քսենյա Սոբչակ։ Ինձ ոչ ոք չի բացատրել, թե որն է այդ աղջկա մասնագիտությունը, ո՞ր բնագավառում է նա վարպետացել եւ արժեքներ ստեղծել՝ լրագրության, կինոյի, թատրոնի, երգի, պարի, եւ հատկապես ո՞ր ծառայությունների համար է նրան տուն հասնում Հյուսիսային պողոտայում։ (Երկու ձեռքով կողմ կլինեի, եթե ռուսահայ միլիոնատերը գնահատեր, ասենք, Բորիս Գրեբենշիկովի կամ Վալերի Գեորգիեւի վաստակը)։
Օտարներին բնակարան կամ ավտոմեքենա նվիրելը պարզապես «ժեստ» է՝ պարզ է, որ նրանք դրա կարիքը չունեն, բայց մենք՝ հայերս, այդ մարդկանց սիրում եւ հարգում ենք։ Չնայած բոլոր դեպքերում կարելի է հարգանքն արտահայտելու այլ ձեւ գտնել։ Սակայն երբ մեր «Մանթաշովը» խրախուսում է նյութական լուրջ խնդիրներ չունեցող հայերին, դա արդեն, ուզես–չուզես, ձեռք է բերում սոցիալ–քաղաքական ենթատեքստ։ «Տաշիրի» կազմակերպիչները եւ անձամբ Սամվել Կարապետյանը պետք է այնքան «քթի ծակ» ունենային, որ հասկանային՝ երբ կան հազարավոր հայաստանցիներ, որոնց աշխատավարձը լավագույն դեպքում 200–300 դոլար է, երբ միայն Գյումրիում կա 23 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի պատճառով 3157 անօթեւան, շաբաշ տվող «ցեխավիկի» նման այստեղ–այնտեղ փողեր ցփնելը կարող է վրդովմունք առաջացնել»: Մեկ «աստղին» կես միլիոն դոլար արժողությամբ տուն նվիրելու փոխարեն կարելի է լուծել 10 կարիքավորների խնդիրը:
Մեր մշակույթի գործիչներին, իհարկե, նույնպես պետք է խրախուսել: Օրինակ` այն գրադարանավարուհուն, որը ամբողջ ձմեռ վերարկուով սառը սենյակում իր գործն է անում, դաշնամուրի այն դասատուին, որը կոպեկների դիմաց ամեն օր գալիս է դպրոց: Իսկ «աստղերն» իրենց հացը այսպես թե այնպես վաստակում են, նրանցից ոմանք էլ իրենք կարող են բարեգործությամբ զբաղվել»:…Իսկական Ալեքսանդր Մանթաշովն օգնում էր Կոմիտասին: Իսկ «Տաշրիր Սամոն»` Արմենչիկին, չնայած վերջինս օգնության որեւէ կարիք չունի: Այդպիսին է մեր մեծահարուստների` մեկ դարում անցած ճանապարհը»: