ՀԱԿ երեկվա հանրահավաքը հետաքրքիր էր մի քանի ասպեկտներով: Նախ, Մատենադարանի հարթակում գտնվողները կփաստեն, որ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես սպասման մեջ էր, ինչից էլ հանրահավաքի թե՛ սկիզբը, թե՛ նաև ընթացքը բավականին անկազմակերպ էին: Լ.Տեր-Պետրոսյանն անձամբ էր ուղորդում, օրինակ, որպեսզի ձայն տրվի դերասան Երվանդ Մանարյանին, իսկ Արամ Մանուկյանը Հրանտ Բագրատյանի ելույթը հայտարարելուց հետո նրանից հետաքրքրվեց. <Հո շուտ չէ՞ր>:
Այդ ողջ ընթացքում ՀԱԿ առաջնորդը մի րոպե անգամ նույն տեղում չմնաց, անվերջ քայլում էր, այնպես որ, երբ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե հանրահավաքի մասնակիցներն այժմ կշարժվեն դեպի Ազատության հրապարակ, քանզի իրենք անտեսում են Երևանի քաղաքապետարանի` այդ հրապարակում հանրահավաք անցկացնելու իրենց պահանջը ոտնահարող որոշումը, որևէ մեկն անակնկալի չեկավ:
Սպասելի էր նաև այն, որ այս անգամ ժողովրդին առանց երկար-բարակ երկմտելու են թողնելու հրապարակի տարածք, թեկուզև այն ամբողջությամբ շրջափակված էր ոստիկաններից կազմված կենդանի <վահանով>. Լևոն Զուրաբյանն ընդամենը երկու րոպե զրուցեց ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի հետ, որից հետո էլ համակարգողը բարձրախոսով տեղեկացրեց, որ ժողովուրդը <շատ կազմակերպված> կարող է մտնել հրապարակ:
Իսկ այնտեղ դատարկություն էր տիրում, բացառությամբ մի քանի երիտասարդների, որոնք Սպենդիարյանի արձանի հարևանությամբ տեղադրված բասկետբոլային օղակի մոտ գնդակ էին խաղում: Սակայն վստահորեն կարելի է ասել, որ Ազատության հրապարակը սպասում էր ընդդիմադիրներին, քանզի անգամ բեմ կար տեղադրված` Երևանի քաղաքապետարանի լոգոյով, որը շրջապատված էր առանձնացված մի տարածքով, ուր անմիջապես տեղավորվեցին ԶԼՄ ներկայացուցիչները: Սակայն հրապարակն այդպես էլ ամբողջությամբ չլցվեց` երեկվա հանրահավաքը ներկաների քանակով իրապես զիջում էր մարտյան հանրահավաքներին:
Բացի այդ, մասնակիցներն այդքան էլ ոգևորված չէին: Օրինակ, ՀԱԿ հանրահավաքներին ներկաները կփաստեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները միշտ ընդհատվում են ժողովրդի գոռում-գոչյուններով, քանզի այդպիսով նրանք իրենց վերաբերմունքն ու աջակցությունն են ցուցադրում Մատենադարանի հարթակում ընդդիմության խմբված լիդերներին ` ի դեմս Լ.Տեր-Պետրոսյանի: Սակայն երեկ Ազատության հրապարակը լուռ էր, ու թերևս, մի քանի անգամ ընդհատվեց նրա ելույթը` գուցե ժողովուրդը հոգնել էր, չէ՞ որ երեք ժամ արդեն ոտքի վրա էր, իսկ գուցե Լ.Տեր-Պետրոսյանի ելույթն այնպիսի կարևորություն էր իրենից պարունակում, որ հավաքվածները պարզապես չէին ուզում որևէ կերպ ընդհատել նրան:
Սակայն ընդհատեցին` <Լևոն նախագահ> գոռալով: Սա ստիպեց Լ.Տեր-Պետրոսյանին ակնարկել. <Սեֆիլյանն ասել ա` մի ասեք Լևոն նախագահ>,- ինչին, բնական է, ժողովուրդն արձագանքեց երկարատև սուլոցներով ու գոռոցներով: Ինչը վայելելուց հետո ՀԱԿ առաջնորդն ասաց, հավանաբար ոչ միայն Սեֆիլյանին դիմելով. <Մեր պատասխանը Չեմբերլենին>:
Ի դեպ, Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթում հիշատակեց ոչ միայն Մեծ Բրիտանիայի հիշյալ այդ արտգործնախարարին, այլև այդ երկրի գլխավոր` Տրաֆալգարյան հրապարակը, ինչպես նաև Բաստիլն ու Կոնկորդը, երբ խոսում էր մայրաքաղաքի իշխանությունների անվերջ արգելքների մասին` հանրահավաքներն Ազատության հրապարակում անցկացնելու վերաբերյալ:
Հաջորդ հանրահավաքը նախանշված է ապրիլի 28-ին, իր ելույթի վերջում հայտարարեց ՀՀ առաջին նախագահը: Սակայն զգուշացրեց` եթե ականատես չլինեն <քաղբանտարկյալների> ազատ արձակմանը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնմանը և երրորդ` մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացմանը, ապա իշխանութունների հետ երկխոսության հնարավորությունը վերջնականապես սպառված կհամարեն.
<Հայ Ազգային Կոնգրեսը հարկադրված կլինի կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը>,- սպառնաց Լ.Տեր-Պետրոսյանը` դրա անհրաժեշտության պատասխանատվությունը բարդելով ժողովրդի վրա, քանզի, ըստ նրա, իրենք դեռ այդքան էլ հակված չեն իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց` <ժողովրդի համբերությունը չափ ու սահման ունի>։
Այնպես որ սպասենք մարտավարության փոփոխմանը…







