VH Music պրոդյուսերական կենտրոնը խոստանում է մայիսից մինչեւ սեպտեմբեր ժամկետում վերադարձնել Սառա Քոնորի մասնակցությամբ չկայացած համերգի տոմսերի արժեքը: Այս մասին հայտնեց նշված կենտրոնի տնօրեն Վահե Հարությունյանը:
Ավելի վաղ կենտրոնը հայտարարել էր, թե պարտքերը կմարի մինչեւ ապրիլի 10-ը, ինչը, սակայն տեղի չի ունեցել: Վահե Հարությունյանը պարզաբանեց, որ դրա պատճառն այն է, որ կենտրոնը ֆինանսապես ի վիճակի չի եղել փոխհատուցել գումարները, քանի որ տոմսերի հասույթից ստացված ամբողջ գումարը փոխանցել է չկայացած համերգի երգիչներին: «Մենք չենք կարող գնալ սննակացման, մենք ոչ մեկի գումարները չենք յուրացրել, պարզապես բիզնես է` չի ստացվել: Ես 9 տարի է այս գործի մեջ եմ, 100-ից ավելի համերգ եմ կազմակերպել: Մենք չէիք ուզենա մի համերգով խայտառակ լինել»,-նկատեց Հարությունյանը:
Վաճառված տոմսերի դիմաց VH music-ի պարտքն այս պահի դրույթամբ կազմում է շուրջ 19 մլն դրամ: Մարտի 8-ից մինչ օրս վաճառված տոմսերի դիմաց վերադարձվել է շուրջ 1,5 մլն դրամ:
Վահե Հարությունյանը նշեց, որ մայիսի 1-ից նոր ընկերություն է հիմնելու, որը պետք է զբաղվի համերգների կազմակերպմամբ, եւ այդ ճանապարհով ստացած գումարների միջոցով կփոխհատուցի չկայացած համերգի գումարները: «Քանի որ VH Music-ը այլեւս վստահություն չի վայելում հասարակության մեջ, մենք որոշել ենք նոր անունով կենտրոն ստեղծել: Ես այնպես եմ անելու, որ ժողովուրդը, մինչեւ վերջին կոպեկը հետ ստանա Քոնորի մասնակցությամբ չկայացած համերգի տոմսերի գումարը»,-նշեց նա:
Վահե Հարությունյանը հանգիստ է վերաբերում այն հանգամանքին, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում իր դեմ նյութեր են նախապատրաստվել, որոնք արդեն ուղարկվել են Կենտրոնի քննչական բաժին: «Ոստիկանությունը պետք է ապացուցի, թե մեր կողմից խարդախություն կա՞, թե՞ ոչ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իրավաբանորեն ոչ մի խարդախություն թույլ չենք տվել: Ինչ գումարներ որ ստացել ենք տոմսերի վաճառքից, փոխանցել ենք համապատասխան տեղեր»,-նշեց Հարությունյանը:
Նա հավաստիացրեց, որ Կենտրոնը նախապես համերգի մասնակիցներին` Սառա Քոնորին վճարել է 25.500 եվրո, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին 4մլն 750 հազար դրամ, Սիրուշոյին` 4.5 հազար եվրո, 700 հազար դրամ` Արսենիի ճանապարհածախսի դիմաց, Արա Մարտիրոսյանին` 1100 ԱՄՆ դոլար: