Այսօր Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողները տհաճ անակնկալի են հանդիպել. այսուհետև մանկապարտեզի դռները երեխաների առաջ փակ են լինելու 8:30-ին: Կենտրոն համայնքի մանկապարտեզներ հաճախող երեխաների մի խումբ ծնողներ հայտարարություն են տարածել կատավածի առնչությամբ ու հայտնել իրենց դժգոհությունը:
Նշենք, որ այս հրահանգը քաղաքապետի կողմից տրվել է` նկատի ունենալով մայրաքաղաքի կենտրոնում առավոտյան ժամերին երթևեկության խցանումները, որի մասին նա հայտարարեց նաև իր 100 օրյա գործունեությունն ամփոփոխ ասուլիսում:
«Առնվազն տարօրինակ այս մոտեցումը մանկապարտեզահասակ երեխաների վրա հերթական «փորձն» է հենց քաղաքապետարանի ներկայացուցիչների բնորոշմամբ: Եվ բացարձակ տարօրինակ չէ այդ մանկապարտեզներ հաճախող ծնողների վրդովմունքը, չէ՞ որ կան երեխաներ, որ ուշ են քնում, բնականաբար ուշ էլ արթնանում: Կամ ամեն երեխա չէ, որ բավարար առողջություն ունի` ամեն առավոտ 6:30 արթնանալու և ամենաուշը 8:30 մանկապարտեզում հայտնվելու համար: Եվ նույնիսկ եթե հայտնվի, մենք` մեծահասակներս, եթե մի փոքր քիչ ենք քնում հաջորդ ամբողջ օրը կորցնում ենք, քանի որ վատ ինքնազգացղություն ենք ունենում: Հապա, ինչպե՞ս կլինի 2-6 տարեկան երեխաների վիճակը: Մի խոսքով, «հրաշալի» որոշում է երեխաների իրավունքների պաշտպանության տոնին ընդառաջ», -ասված է ծնողների տարածած հայտարարության մեջ:
Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքող ծնողներին պատասխանել է Հանրակրթության վարչության մասնագետ Սիլվա Աչոյանը և տեղեկացրել, որ հրահանգը մեկամսյա փորձ է և երեխաներին կոփելու ձև:
«Ո՞վ է ասել, որ նախադպրոցական տարիքի երեխան պետք է քաղաքապետարանի ներկայացուցչի բնորոշմամբ «կոփվի» այս կերպ` սպարտացուն և զինվորականին հատուկ մեթոդներով: Ո՞վ է ասել, որ խցանումներից մեր քաղաքի կենտրոնը թոթափելու լավագույն տարբերակը երեխաներին հերթական սթրեսին ենթարկելն է` շուտ արթնացնելով ու արագ-արագ տանից դուրս հանելով: Քաղաքապետարանում կամ երեխաներ չունեն, կամ էլ ունեն անձնական վարորդներ ու անձնական դայակներ, որոնք ցանկացած ժամի պատրաստ են սպասարկել իրենց վճարողներին», -տարակուսած են ծնողները:
Նրանց համոզված, այս իրավիճակից տուժում է ոչ միայն երեխան, այլ ծնողը, որ «չգիտի ինչպես և ուր թողնի երեխային` աշխատանքի գնալու համար, մանկապարտեզի տնօրենը, ով ըմբռնումով է մոտենում, քանի որ գործի գիտակ է ու երեխաների հետ աշխատանքային փորձ ունի, բայց հայտնվել է քաղաքապետարան-թաղապետարան-ծնող եռանկյունու ամենասուր ու թեժ կետում, տուժում է հենց ինքը` քաղաքապետը, քանի որ նույնիսկ չի պատկերացնում, որ երեխաները փորձադաշտ չեն, և նման մոտեցումից հասարակական շարժումն ու դժգոհությունն անհամեմատ ավելի մեծ կլինի, քան որևէ այլ դեպքի կապակցությամբ»:
«Ինչ է նշանակում «Ես 80 % համոզված եմ, որ այս հրահանգը որոշում կդառնա» (քաղաքապետարանի Հանրակրթության վարչության ներկայացուցիչ տիկին Աչոյանի խոսքն է), որևէ մեկն այդ Կրթության վարչությունում ծնողին հարցրե՞լ է, թե ինչու է երեխային մանկապարտեզ բերում 9:30: Որևէ մեկը որևէ հոգեբանի հետ խոսե՞լ է, թե այս ժամային փոփոխությունն ինչպես կանդրադառնա մանկահասակ երեխաների վրա: Որևէ մեկը ուսումնասիրություն անցկացրե՞լ է, գիտի՞, թե ինչպես են այս դեպքերում վարվում արտասահմանում: Թե՞ սա սեփական խնդիրները լուծելու հերթական տարբերակն է, ու ստացվում է, որ մենք բոլորս աշխատում ենք, մեր կյանքը դասավորում ենք այնպես, որ առավոտյան հանկարծ խցանումներ չլինեն, մեծերն անպայման շուտ և առանց սթրեսների հասնեն աշխատանքի, իսկ երեխաները… դե ոչինչ, ինչ որ մի կերպ կհամոզեք «դաստիարակել» երեխաների մոտ քնի և արթնանալու ռեժիմ: Ռեժիմը չեն դաստիարակում, այն պարտադրում են, դրան վարժեցնում են, իսկ դաստիարակում են սերը գեղեցիկի նկատմամբ, ինչ անհնար է անել սթրեսային, ագրեսիվ, կիսաքուն երեխայի մոտ: Եվ հետո, եթե սա քաղաքապետարանի փորձն է, ինչու այդ հաստատությունից որևէ տեսուչ, ներկայացուցիչ առավոտյան մանկապարտեզում չի եղել` հասկանալու համար փորձվողների ռեակցիան: Հա, երևի խցանումների պատճառով ուշացել էին աշխատանքից», -նշված է հայտարարության մեջ: