Թուրքիայի հետ վիզային ռեժիմի հանումը հեշտացրել է ռուսաստանցի զբոսաշրջիկների կյանքը, բայց լրջորեն բարդացրել է բազմակի վիզա ստացող եւ 2-3 ամսով այդ երկիր այցելողների կյանքը, «Ինտերֆաքսին»հայտնել է Զբոսաշրջության ռուսական միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան: Նրա խոսքով, ռուսաստանցիները կարող են այդ երկրում մնալ ոչ ավելի քան 30 օր, իսկ նրանք, ովքեր պետք է ավելին մնան, պետք է դիմեն հյուպատոսություններ:
Ընդ որում, փաստաթղթերի ներկայացման գործընթացը բավական բարդացել է: Ռուսաստանցիները պետք է ներկայացնեն տեղեկանք եկամուտների եւ բանկային հաշիվների, հյուրանոցում համարի ամրագրման մասին, նաեւ անձամբ ներկայանան հյուպատոսություն:
Թուրքիայի հյուպատոսություններ կան միայն Մոսկվայում եւ Կազանում, ուստի Ռուսաստանի մյուս տարածաշրջանների բնակիչները ստիպված են լինելու վիզաների համար մեկնել այդ քաղաքներ: