Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label երեխաներ. Show all posts
Showing posts with label երեխաներ. Show all posts

May 17, 2011

Ազատան գյուղում եռյակ է ծնվել

Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում Գասպարյանների ընտանիքում մայիսի 12-ին եռյակ է ծնվել` երկու աղջիկ եւ մեկ տղա:

Աղջիկները եղել են 2,6 կգ եւ 2,4 կգ, իսկ տղան` 2,1 կգ: Այս մասին  տեղեկացրին Առողջապահության նախարարությունից:

Եռյակի ծնողները 23-ամյա Կարինե Ճղրիկյանն է, իսկ հայրը` 29-ամյա Գուրգեն Գասպարյանը:

Նորածինների տատիկի` Մարիետա Գասպարյանի փոխանցմամբ, սկզբից ծնվել են աղջիկները, հետո` տղան:

Ծննդաբերությունը կատարվել է կիսարյան հատման միջոցով` հեռացրել են նաեւ մոր արգանդը: Մարիետա Գասպարյանը նշեց, որ նախապես իմացել են, որ եռյակ է ծնվելու, իսկ մինչ նրանց ծնունդը ծնողները երկու երեխա կորցրել էին:

Ի դեպ, Գասպարյանների գեներում եռյակներ չեն եղել, բայց զույգ երեխաներ ծնվել են: Տատիկի խոսքով, աղջիկների անունները որոշել են դնել Մարիետա, Մերի, իսկ տղայինը` Նարեկ: Նորածինները եւ մայրը գտնվում են Հանրապետական հիվանդանոցում` բժշկի հսկողության ներքո, նրանց առողջական վիճակը լավ է:

Հայաստանի մանկատներում գտնվող երեխաների թիվն աճելու միտում ունի

Հայաստանում 2011 թ. սկզբի դրությամբ գործում են 12 մանկատներ, տեղեկացնում է Ազգային վիճակագրականն ծառայությունը։

2010 թ. ընթացքում մանկատներում գտնվող երեխաների թիվն ավելացել է 15-ով եւ կազմել 1240: Նրանցից 307-ը քրոնիկ հոգեկան շեղումներ ունեն, իսկ 425-ը հաշմանդամներ են։ 2010 թ. ընթացքում 77 երեխա որդեգրվել է, իսկ 83-ը վերադարձել են հարազատների մոտ։

Մանկատներից 8-ը պետական են (3-ը` Երեւանում, 2-ը` Շիրակի, 1-ական` Արարատի, Գեղարքունիքի եւ Լոռիի մարզերում), 4-ը` ոչ պետական (2-ը`Շիրակի, 1-ական` Կոտայքի եւ Լոռիի մարզերում):

Ըստ պաշտոնական եզրակացության՝ մանկատներից միայն 6-ն ունեն բավարար շենքային պայմաններ, մյուսները ընթացիկ կամ կապիտալ հիմնանորոգման կարիք ունեն (այդ թվում՝ մասնավոր մանկատներից երկուսը):

Մանկատների պահպանման նպատակով ընդհանուր առմամբ տարեկան ծախսվում է 2,5 մլրդ դրամ (մոտ 6,8 մլն դոլար), կամ յուրաքանչյուր երեխայի համար մոտ 2 մլն դրամ (մոտ 5,5 հազ. դոլար):

Միջոցների մեծ մասը կամ 65 տոկոսը հատկացնում է պետությունը, մնացածը նվիրատվությւոններ են ու այլ աղբյուրներ։ Մասնավոր մանկատներին պետությունը գումար չի հատկացնում՝ դրանց եկամուտների մոտ կեսը ձեւավորվում է նվիրատվությունների հաշվին։

May 5, 2011

Մորը կորցրած մանկահասակ երեխային տեսակցելու իրավունք ունեն միայն նրա հարազատները. Պարզաբանում է մանկատունը

Նորք-Մարաշ մանկատանը գտնվող 2,5 տարեկան Լիլիա Սարկիսովային կարող են այցելել բացառապես նրա հարազատներն ու արյունակիցները: Այս մասին մեր թղթակցին հայտնեց մանկատան տնօրեն Լիաննա Կարապետյանը` արձագանքելով երեխայի հարազատների բողոքին: Նրանք, մասնավորապես երեխայի մորաքրոջ սկեսուրը հայտարարել էր, որ մի քանի անգամ փորձել է տեսակցել երեխային, սակայն մանկատան տնօրինությունը արգելել է: «Ես միայն իրավունք ունեմ երեխայի հարազատներին նրա հետ տեսակցելու թույլտվություն տալ, նրա մորաքրոջ սկեսրոջը թույլ տամ, որ ի՞նչ: Չէ՞ որ նա երեխայի հարազատը չէ»,-պարզաբանեց Լիանա Կարապետյանը:

Նա նաեւ նշեց, որ երեխայի հայրական տատը` Լիլիան, յուրաքանչյուր ուրբաթ պարտաճանաչ տեսակցելու է գալիս երեխային: Ինչ վերաբերում է փոքրիկ Լիլիայի առողջական եւ հոգեբանական վիճակին, ապա, ըստ մանկատան տնօրենի, նա արդեն ադապտացվել է նոր միջավայրին եւ իրեն լավ է զգում:

Նշենք, որ Լիլիա Սարկիսովան մի քանի ամիս առաջ ամուսնու ծեծի հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դուստրն է, ով մանկատուն է հանձնվել մոր մահից երկու ամիս անց` 2010 թվականի դեկտեմբերի 13-ին: Երեխայի խնամակալությունը ստանձնել է հայրական տատը: Զ. Պետրոսյանի հարազատները նրան մեղադրում են մահվանից առաջ վերջինիս հարսի նկատմամբ բռնություններ կիրառելու, խոշտանգելու մեջ: Նախաքննական մարմինը, սակայն, նրան մեղսակից չի համարել սպանության գործում:

Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Պետրոսյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 10-ին, Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Apr 14, 2011

«ԱրմենՏել»-ն աջակցում է կարիքավոր ընտանիքների երեխաների բուժմանը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) գովազդային ակցիաներից ստացված միջոցների մի մասը տրամադրել է Հայաստանի տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների երեխաների բուժման կազմակերպմանը: 1-ից մինչեւ 16 տարեկան տասը երեխայի համապատասխան վիրահատությունները կիրականացվեն Երեւանի բժշկական հաստատություններում: Ծրագիրն իրականացվում է «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի հետ համատեղ:

«Մեզ մոտ գրանցված են կարիքավոր ընտանիքների երեխաներ, ում անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն` բժշկական օգնություն ստանալու համար: Շնորհիվ «ԱրմենՏել» ընկերության աջակցության, երեխաների մի մասը կվիրահատվի եւ կանցնի վերականգնողական կուրսեր», - ասել է «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ «Հաջողակ պաստառներ» գովազդային վիճակախաղը, որը տեղի է ունեցել 2010թ-ի դեկտեմբերի 2-ից մինչեւ 2011թ-ի փետրվարի 2-ը, ուղված էր շարժական բովանդակության ծառայությունից օգտվելու խրախուսմանը: Կազմակերպիչների հաշվարկով Beeline բաժանորդների յուրաքանչյուր վեցերորդ գնումը կատարվել է երեխաների բուժման եւ հետագա վերականգնողական գործընթացի կազմակերպման օգտին:

Mar 18, 2011

Փոքրիկ հայուհու սիրտը բաբախում է ոչ թե կրծքի տակ, այլ որովայնի վրա. Բայց բժիշկները չեն շտապում վիրահատել

Փոքրիկ հայուհի Վիրսավիա Մխիթարյանը Նովոռոսիյսկ քաղաքից սրտային անոմալիա ունի, նրա սիրտը բաբախում է ոչ թե կրծքի տակ, այլ որովայնի վրա: Օրգանը ոչնչով ծածկված չէ եւ գտնվում է գործնականում կաշվի տակ: Եթե նրա սրտի վրա ֆիզիկական ներգործություն լինի, երեխան չի ապրի: Երեխայի մայրը` Դարիա Մխիթարյանցը երեխային բերել է Մոսկվա` Բակուլեւի անվան սրտանոթային վիրահատության գիտական կենտրոն, որպեսզի վիրահատություն անեն, հայտնել է ntv.ru-ն:
Կենտրոնի տնօրեն Լեո Բոկերիայի խոսքով, Վիրսավիայի դեպքը եզակի է: Վիրաբույժը նշել է նաեւ, որ երեխայի վիճակը թույլ չի տալիս վիրահատել նրան: «Եթե այս վիճակում վիրահատենք, նա չի ապրի»,- նշել է նա: Դա նշանակում է, որ պետք է սպասել եւս կես տարի: Երեխայի մայրը հայտնել է, որ վստահում է բժշկին:
Վիրսավիայի ծնողները ամուսնալուծված են: Հայրը` Արթուր Մխիթարյանցը տառապում է թմրակախվածությամբ: Դարիա Մխիթարյանցը նշել է, որ «հայրը շատ է սիրում երեխային, բայց ոչնչով օգնել չի կարող»։

Mar 16, 2011

Մինչեւ 5 տարեկան երեխաների 80 տոկոսն օգտվում է ինտերնետից

Մինչեւ 5 տարեկան երեխաների 80 տոկոսն օգտվում է ինտերնետից, հաշվարկել են ամերիկյան Joan Ganz Cooney եւ Sesame Workshop կենտրոնների աշխատակիցները:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, 0-ից 5 տարեկան երեխաները անհավանական արագությամբ են սովորում ամենաժամանակակից սարքավորումներից օգտվելու հիմունքները: Եթե նախկինում երեխաների եւ ժամանակակից տեխնիկայի շփումը սահմանափակվում էր հեռուստացույց դիտելով, այսօր ավելի մեծ թվով փոքրիկներ արդեն 3 տարեկանում փորձառու «ինտերնետ-սերֆերներ» են:

Գիտնականները նկատում են, որ դեպքերի մեծ մասում երեխաները ինտերնետից օգտվում են մուլտֆիլմեր կամ զվարճալի հաղորդումներ դիտելու համար:

Mar 11, 2011

Մայրական քնքշանքը երեխային վերակենդանացրել է. Բժիշկներն արձանագրել էին երեխայի մահը

Ավստրիական Քեյթ Օտտ ում 27 շաբաթական հղի կնոջ մոտ սկսվել են ծննդաբերական ցավերը: Դժվար ծննդաբերությունից հետո կինը լույս աշխարհ է բերել զույգ երեխա` մեկ տղա և մեկ աղջիկ: Տղայի մոտ նկատվել են խնդիրներ և բժիշկները մոտ կես ժամ ամեն ինչ արել են, որպեսզի երեխան շնչի, սակայն` ապարդյուն: Այն բանից հետո, երբ տեղեկացրելեն երեխայի մորը, մայրը վերցրել են անշունչ երեխային իր գիրկը և մոտ 2 ժամ գուրգուրել ու քնքշանքի խոսքեր է ասել փոքրիկին: Բոլորի համար անսպասելի կերպով հանկարծ մանկիկը սկսել է կյանքի նշաններ ցույց տալ, իսկ ևս որոշ ժամանակ անց` մատիկներով բռնել է մոր մատը: Հավաքված բժիշկները միայն կրկնել են «չենք հավատում» արտահայտությունը: Այս մասին գրում է The Daily Mail ը:

Mar 4, 2011

ՃԱՄԲԱՐ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ծաղկաձորի երիտասադրական կենտրոնում մարտի 5-6-ին կանցկացվի «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ճամբար» ծրագիրը: Նման ծրագիր Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջ ապրելակերպի ծրագրերի շրջանակներում:

«Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ճամբար» ծրագրին հիմնադրամի ծաղկաձորյան կենտրոնում կմասնակցեն 7-14 տարեկան դիաբետով հիվանդ 35 երեխաներ եւ նրանց հետեւող բժիշկներ: Այսպիսով, երեխաներն ու նրանց խնամող ծնողները հնարավորություն կստանան վայելել ծաղկաձորյան բնությունն ու մաքուր օդը: Հանգիստը կհամատեղվի նաեւ բժիշկների հետ հանդիպումներով: Այդ ընթացքում երեխաներին ու նրանց ծնողներին կտրվեն գործնական հմտություններ, գիտելիքներ, հանդիպումների ժամանակ բժիշկները կվարեն ուսուցողական զրույցներ, որոնց ընթացքում ճամբարի մասնակիցներին կմատուցվի անհրաժեշտ եւ մատչելի ինֆորմացիա տարբեր իրավիճակներում երեխաների ճիշտ դրսեւորման, նախընտրելի վարքագծի, սեփական սննդային ռացիոնին ճիշտ հետեւելու եւ սեփական առողջությունը չվնասելու մասին:

Երկօրյա ճամբարի ընթացքում երեխաներին կուսուցանվի նաեւ, թե ինչպես ինքնուրույն հետեւեն իրենց առողջական վիճակին, ինչպես դրսեւորեն իրենց առանձնահատուկ պայմաններում եւ ինչպես ճիշտ սնվեն:

Ծրագրի հիմնական նպատակն է երեխաների եւ նրանց ծնողների շրջանում ձեւավորել որոշակի վերաբերմունք շաքարային դիաբետի նկատմամբ, այն է` դիաբետին վերաբերվել ոչ թե իբրեւ հիվանդության, այլ ` իբրեւ կենսակերպի: Քանի որ այս գաղափարի արմատավորումը միայն թույլ կտա երեխաներին լիարժեք ինտեգրվել հասարակություն եւ չօտարվել շրջապատից ու իրենց հասակակիցներից:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites