Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label ԱԺ. Show all posts
Showing posts with label ԱԺ. Show all posts

May 10, 2011

Հայ պատգամավորներին «կոճակներից» օգտվելու ձեռնարկներ են բաժանել

Հայաստանի ԱԺ նստաշրջանի հերթական քառօրյայի հետաձգումը` նոր տեխնիկայի վերանորոգման նպատակներով, առանձնակի արդյունք չտվեց, քանի որ այսօր առավոտից պատգամավորները դժգոհում էին, թե իրենց կոճակները չեն աշխատում:

Դա զայրացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով վերջնականապես զայրացավ կորեական տեխնիկայից, եւ նա նյարդային արձագանքեց. «Ձեր մուննաթները թողեք ուրիշ տեղ: Դուք չեք կարողանում գլուխ հանել տեխնիկայից: Բայց ձեզ օգտագործման ձեռնարկներ են բաժանել»:

Ապա նա դիմեց պատգամավոր Մանվել Բադեյանին, խորհուրդ տալով նախապես պարապել կոճակների վրա, եթե միանգամից չի կարողանում գլուխ հանել: «Եթե չգիտեք, թե որտեղ է կոճակը, էդպես էլ ասեք»,- Բադեյանին խորհուրդ տալու առիթը չկորցրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:

Apr 30, 2011

Ռուբեն Հայրապետյանը խորհուրդ է տալիս իրեն պատժելու փորձ չանել. «Ով որ փորձել ա, վատ բան ա ստացվել»

Հանրապետական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն արձագանքել է նախօրեին Facebook սոցիալական ցանցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, ըստ որի`այսուհետ պահումներ են արվելու այն պատգամավորների աշխատավարձերից, որոնք անհարգելի պատճառով բացակայում են ԱԺ նիստերից:

«Փողից կտրելու» տարբերակով բացակա պատգամավորներին պատժելու նախաձեռնության առնչությամբ, ԱԺ նիստերից գրեթե միշտ բացակայող Ռուբեն Հայրապետյանը ասաց, որ ինքը «Facebook չի կարդում» եւ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը ծանոթ չէ:

«Եթե խոսքը վերաբերում է պատժելուն, ես մարդկանց խորհուրդ չեմ տա ինձ պատժել: Ընդհանրապես խորհուրդ չեմ տա, քանի որ ով որ փորձել ա, վատ բան ա ստացվել»: Ռուբեն Հայրապետյանը, սակայն, «ողջունելի» է համարում ԱԺ նախագահի աշխատավարձերից պահում անելու որոշումը:

«Դա ճիշտ ա, աշխատանքի չես գնացել, բնականաբար պըտի չստանաս աշխատավարձ: Եւ ամենակարեւորը` ես երբեք ԱԺ-ից աշխատավարձ չեմ ստացել»,-հավաստիացրեց պատգամավորը: Նա, սակայն, այդպես էլ չասաց, թե ուր է գնում իր աշխատավարձը, գուցե բարեգործական որեւէ հիմնադրամի՞: «Ես ե՞րբ եմ իմ բարեգործությունների մասին բարձրաձայն ասել, որ հիմա էլ ասեմ; Իմ համար ընդունելի չի, որ ասեմ»,-արձագանքեց Հայրապետյանը:

Իսկ գուցե ԱԺ-ն Ձեր աշխատավարձը օգտագործել է ա՞յլ նպատակներով` ճշտմանը պատգամավորը պատասխանեց. «Ես էդքան նմա՞ն եմ պրովոկացիայի ենթարկվողի»:

ԱԺ նիստերից բացակայող մեկ այլ պատգամավորի`ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նրա մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը նշեց, որ Ծառուկյանի բացակայությունները հարգելի են: «Պարոն Ծառուկյանը խորհրդարանի նիստերից բացակայում է միայն հարգելի պատճառներով, եւ այդ մասին ունի համապատասխան տեղեկանք»,-ասաց նա: Նա, միաժամանակ հավելեց, որ ԲՀԿ խմբակցության ղեկավարի բացակայությունները պայմանավորված են ԱԺ-ից դուրս նրա գործունեությամբ: «Պարոն Ծառուկյանը Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավարն է, եւ աշխատանքի բերումով զբաղված է եւ հաճախ է արտասահման մեկնում»,-նշեց Ծառուկյանի մամուլի խոսնակը:

Մեծ թվով բացակայություններ ունեցող ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը եւս, վստահեցրեց, որ առողջական խնդիրներ ունի, ինչի հետեւանքով անգամ տնից դուրս չի գալիս, ընդհուպ` հրաժարվում է հեռուստատեսային հաղորդումներին մասնակցելուց: «Ես ունեմ օրինական տեղեկանք, ոչ սարքովի, որ առողջական լուրջ պրոբլեմ ունեմ»,-վստահեցրեց Պետրոսյանը: Նա ճիշտ է համարում աշխատավարձերից պահում անելու ԱԺ նախագահի որոշումը եւ կարծում է, որ` «եթե հիվանդ չես, պիտի գործի գնաս»:

Նշենք, որ Ազգային ժողովի նիստերից հիմնականում բացակայում են ՀՀԿ-ական գործարար պատգամավորներ Տիգրան Արզաքանցյանը, Լեւոն Սարգսյանը, Հարություն Փամբուկյանը, Ալեքսան Պետրոսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Նահապետ Գեւորգյանը, Գագիկ Ծառուկյանի խնամի ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը, Աշոտ Արսենյանը, անկուսակցական Մխիթար Վարագյանը: Ցանկը կարելի է էլի շարունակել:

Փորձ արվեց կապ հաստատել նաեւ նրանց հետ` լսելու նրանց պարզաբանումներն իրենց բացակայությունների մասին, սակայն ապարդյուն: Հարկ է նկատել, որ հիշյալ պատգամավորներին մերթ ընդ մերթ կարելի է տեսնել ԱԺ-ում: Դրանք այն օրերն են լինում, երբ խորհրդարանը օրենքի այս կամ այն նախագիծն «անցկացնելու» հրահանգ է ստանում, ինչի նպատակով հիշյալ պատգամավորները «բերման են ենթարկվում» ԱԺ` իրենց հասանելիք կոճակը սեղմելու:

Apr 28, 2011

Հովիկ Աբրահամյանը կկրճատի բացակայող պատգամավորների աշխատավարձը

«Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով հաճախ է արծարծվում Ազգային ժողովի նիստերից որոշ պատգամավորների բացակայության հարցը, ինչի կապակցությամբ լրագրողները ինձ ևս դիմում են»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Նշեմ, որ բազմիցս, թե´ Ազգային ժողովի լիագումար նիստերի և թե´ բազմաբնույթ խորհրդակցությունների ընթացքում բարձրաձայնել եմ Ազգային ժողովի լիագումար նիստերից և Ազգային ժողովի քվեարկություններից պատգամավորների բացակայությունների հարցը:

Կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել է օրենսդիր աշխատանք իրականացնելու համար և վերջինս հանդիսանում է նրա հիմնական աշխատանքը: Իհարկե, չեմ բացառում, որ բացակայությունները ունենան հարգելի պատճառ և այս առումով պատգամավորների բացակայությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են ճանաչվել հարգելի:

Ինչ վերաբերում է անհարգելի բացակայություններին, ապա, ինչ խոսք, խիստ բացասական եմ գնահատում դրանք և ուզում եմ նշել, որ արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ:

Չմոռանանք, որ խորհրդարանը պրոֆեսիոնալ դարձել է 1999-ից և նմանատիպ խնդիրները բնականոն բնույթ կրում են ոչ միայն Հայաստանի այլ նաև տարբեր երկրների խորհրդարանների համար: Սակայն, անշուշտ, վերջին հաշվով պատգամավորի գործունեության վերջնական գնահատականը տալիս է ընտրողը»,- գրել է Հովիկ Աբրահամյանը:

Apr 14, 2011

Կարապետիչ. Ո՛չ Ազգային ժողովի նախագահն է իր տեղում, ո՛չ էլ վարչապետը

Ո՛չ Ազգային ժողովի նախագահն է իր տեղում, ո՛չ էլ վարչապետը. այն, որ նրանք պաշտոններ ունեն, դեռ չի նշանակում, որ իրենց տեղում են։ Ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

«Էդ որ ասում են խելացի, հեռատես, տարավ ոսկին վաճառեց, էդ ոսկին մեր Հայաստանին այսօր պետք չէ՞ր լինի։ Դա՞ է հեռատեսը։ Այն ժամանակ ասում էր բանկային համակարգը ճգնաժամից պաշտպանեցինք, փոխարենը գյուղը սպանեցին»,- վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունից դժգոհեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ վարչապետը եւ ԱԺ նախագահը «խնդիրները լուծում են իրար մեջ»։

«Ասում են ԱԺ նախագահը լավ է պահում խորհրդարանը։ Նա պահում է օլիգարխներին, օլիգարխներ չլինեն, ո՞ւմ պիտի պահի, դրա համար էլ, իբրեւ, նրանց հետ լեզու է գտնում»,- ասաց Կարապետյանը։

Ամփոփելով՝ ԺԿ նախագահը դժգոհեց, որ հեռուստատալիքներից մեկն իրեն քաղաքական բնույթի ելույթի համար 1 ժամ եթեր տրամադրելու համար մոտ 5 հազար դոլար է պահանջում։ «Դեռեւս չի հաջողվում իրագործել նաեւ մարզային հեռարձակում կազմակերպելու մեր մտադրությունը»,- ասաց նա։

Apr 9, 2011

Գալուստ Սահակյանը` ԱԺ նախագահ դառնալու մասին. Աստված ձե’նդ լսի

Հանրապետական կուսակցությունում խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրելու հարց չի քննարկվում: Այս մասին ասում է ինքը` Սահակյանը`անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց նա առաջիկայում պետք է փոխարինի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

«Ինձ ուզում են տան ԱԺ նախագա՞հ: Աստված ձենդ լսի, բայց` հումորով եմ ասում»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ իրեն լավ է զգում զբաղեցրած պաշտոնում եւ ԱԺ նախագահ դառնալու մտադրություն չունի: «Շատ թիմակիցներ կան, որոնք ինձ տեսնում են Աժ նախագահի պաշտոնում: Բայց դա չի նշանակում, որ ես ամեն օր նստած մտածում եմ, թե ես որտեղ պետք է լինեմ: Ես իմ դերակատարումից գոհ եմ»,-նկատեց Սահակյանը: Նա նաեւ նշեց, որ եթե անգամ իրեն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու խնդիր առաջանա, ապա իր համաձայնությունը շատ կարեւոր դերակատարում կունենա: «Բայց նման խնդիրները լուծում են կուսակցության գլխավոր մարմիներում ծավալվող քննարկումների միջոցով:

Նախ նման դեպքերում հավասարակշռված մոտեցումներ են անհրաժեշտ»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Նա նաեւ ընդգծեց, թե առայժմ չի պատկերացնում, թե իր ուժերն ու ունակությունները կբավարարե՞ն ԱԺ նախագահի պաշտոնում որոշակի պարտականություններ կատարելիս:

Գալուստ Սահակյանը գնահատեց նաեւ ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ երեք տարվա աշխատանքը` այն համարելով դրական: ԱԺ նախագահի գլխավոր դերակատարումը, ըստ նրա, ԱԺ-ի բնականոն գործունեությունն ապահովելն է: Սահակյանի խոսքով` Հովիկ Աբրահամյանը կարողանում է լեզու գտնոլ բոլոր քաղաքական ուժերի հետ, եւ «երբեմն անկողմնակալ վերաբերմունքով է հանդես գալիս»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, քաղաքական կուլիսներում խոսում են առաջիկայում սպասվող նոր, ավելի լայնամասշտաբ փոփոխությունների մասին:

Մասնավորապես քննարկվում է այն սցենարը, որ առաջիկա մայիսին պաշտոնանկ է արվելու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան այդ պաշտոնում վարչապետի պաշտոնում նշանակվելու է ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում, ընտրվելու է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը:

Apr 5, 2011

ԱԺ նախագահի բազում հարցերն ու հորդորը. «Նոր հեծանիվ պետք չի հորինել»

Նախքան գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ելույթով հանդես կգար ոլորտի պատասխանատուների առջև` գյուղատնտեսության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների շրջանակում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ իր խոսքով, որը կարելի է որակել հարցականներով լի ելույթ. «Ինչո՞ւ է ընդունված ազգային ծրագիրը (նկատի ունի Գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագիրը, որը ներառում է ոլորտին վերաբերող ռազմավարությունը 2008-2012թթ.) այդքան շատ քննադատության ենթարկվում, ինչո՞ւ չեն լուծվել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները, գուցե կա՞ն պատճառներ, որ այդ ծրագիրը չի կատարվել, հատկապես եթե հաշվի առնենք, որ արդեն 2011թ-ն է, իսկ ծրագիրը մինչև 2012թ-ն է ներառում»,- և այլն:

ԱԺ խոսնակն ավելացրեց` եթե ընդունվում է ծրագիր ու այն ամենևին էլ չի իրագործվում, ապա ի՞նչ զարգացման մասին է խոսքը.
«Նոր հեծանիվ ամենևին էլ պետք չէ հորինել, հարկավոր է ուղղակի գտնել կոնկրետ ուղղություններ, որոնք կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը և այդպիսով գնալ առաջ: Սա է խնդիրը»:

Ի դեպ, Հ.Աբրահամյանի քննադատությանն արժանացան նաև բոլոր նրանք, ովքեր Հայաստանում առկա խնդիրները` ոլորտ առ ոլորտ, կապում են համաշխարհային ճգնաժամի հետ: Իր համոզմամբ, ինչպես և մի շարք այլ ոլորտներում, անպես էլ գյուղատնտեսությունում հատկապես առկա խնդիրները, որոնք այդչափ մտահոգում են իրեն, ամենևին էլ պայմանավորված չեն ճգնաժամով:

Այնպես որ, առաջարկեց նա, հարկավոր է, նախ, նվազեցնել գյուղացուն տրվող վարկերի տոկոսադրույքները, հավելյալ սուբսիդավորել այն գյուղացիների, որոնք բնակվում են հատկապես անբարենսպաստ կլիմայական պայմաններում, սուբսիդավորել գյուղացուն, ասենք, 20 տոկոսով գյուղտեխնիկա ձեռք բերելու համար և այլն:

Apr 4, 2011

Հայաստանում երիտասարդական խորհրդարան է ձևավորվում

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մարտի 28-ի կարգադրությամբ ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան /խորհրդակցական հասարակական մարմին/: ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության 18-30 տարեկան քաղաքացիները:

Երիտասարդական խորհրդարանի անդամներ կարող են լինել` անհատ քաղաքացիներ ՀՀ մարզերից, /ինքնաառաջադրման կարգով/, ՀՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների, ՀՀ Ազգային ժողովում չներկայացված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների /ինքնաառաջադրման կարգով/, պետական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Երիտասարդական խորհրդարանի ընդհանուր համակազմի առնվազն 3%-ը կարող են լինել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Ռուսաստանը դեռես չի ներկայացրել Հայաստանի համար մատակարարվող գազի նոր սակագինը. Էներգետիկայի նախարար

Ռուսաստանի կողմից դեռեւս ներկայացված չէ Հայաստանին մատակարարվող գազի նոր սակագինը: Այս մասին ապրիլի 4-ին հայտարարեց ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը`Հայաստանում գազամատարարաման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ: Լսումների ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հարց ուղղեց, մեջբերելով ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա:

«Նշանակո՞ւմ է, արդյոք, որ գազն այնուամենայնիվ, թանկանալու է, բայց սպառողի համար չի թանկանում, թե՞ ընդհանրապես գազի գինն այս տարի չի բարձրանալու»,-հարց ուղղեց պատգամավորը, ինչին ի պատասխան Արմեն Մովսիսյանն ասաց, որ Սոչիում երկու երկրների նախագահների բանակցային գլխավոր թեմաներից մեկը եղել է գազի սակագնի թեման: «Մինչեւ այս պահը նոր սակագին ներկայացված չէ, եւ երկու նախագահներն իրենց բանակցությունների արդյունքում պայմանավորվել են, որ եթե ինչ-որ բան էլ փոխվի, ապա դա որեւէ ազդեցություն մեր սակագների վրա չպետք է ունենա: Եւ տեսնում եք, որ այդպես էլ կա»,-հայտարարեց Մովսիսյանը:

Նշենք, որ «Գազպրոմի» մամուլի ծառայության ներկայացուցիչը մարտի 3-ին հայտարարել էր, թե Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկելու են գազի սակագնի հետ կապված հարցը, սակայն դրա հետ կապված վերջնական որոշումը պետք է կայացնեն երկու տնտեսվարող սուբյեկտները` «Հայռուսգազարդը» եւ «Գազպրոմը»: Այդ հարցն, ըստ «Գազպրոմի» մամուլի ծառայության ներկայացուցչի, պետք է հստակեցվեր մարտի վեջին:

Նշեք, որ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությունը ՀՅԴ-ինն է:

Mar 29, 2011

«Հրապարակ». ՕԵԿ-ի մի քանի անդամներ կմտնեն ՀՀԿ-ի ցուցակ, իսկ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտո՞ն կստանա

«Հրապարակ» օրաթերթն անդրադառնում է կոալիցիոն ուժերի ներսում տեղի ունեցող խմորումներին: Ըստ այդմ. «Փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո քննարկվում էր երեք կուսակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ միասնական ցուցակով ընտրությունների գնալու հարցը: Դրան ամենից շատ դեմ էր ԲՀԿ-ն:

Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը եկել են համաձայնության, որ ԱԺ ընտրությունների գնալու են առանձին-առանձին: Այս պարագայում կբարդանա ՕԵԿ-ի հարցը, սակայն ՀՀ նախագահը որոշել է անտեր չթողնել իր կրտսեր ընկերոջը եւ ՕԵԿ մի քանի անդամներ կմտնեն հանրապետականների ցուցակ:

Իսկ ընտրություններից հետո չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտոն ստանա: Ըստ լուրերի, Պետեկամուտների կոմիտեն կիսելու են եւ Բաղդասարյանին Մաքսայինի նախագահ նշանակեն: Հարկայինը կշարունակի գործել Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ: Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ովքեր են ՕԵԿ-ից մտնելու ԱԺ: Թերեւս հաստատ է միայն Հովհաննես Մարգարյանի հարցը, իսկ, ասենք, Հեղինե Բիշարյանինը դեռ քննարկվում է»:

Mar 28, 2011

ՀՀԿ-ն հացադուլներից հետեւություն չի անում

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը ծայրահեղ միջոց է` ծայրահեղ իրավիճակի համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» առաջնորդի քայլն այսպես որակեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նա խորհուրդ տվեց Ր. Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը եւ քաղաքական պայքարի համար օգտագործել ԱԺ ամբիոնը: «Մենք հացադուլներից հետեւություններ չենք անում»,- նշեց Կ. Աճեմյանը:

Ի պատասխան «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ ԱԺ-ում «ինչ որոշումներ ասես չեն առաջարկել, սակայն ձայն բարբառո հանապատի»:

Ի դեպ, Կ. Աճեմյանն այդպես էլ չպատասխանեց «Երկիր»-ի հարցին, թե կարո՞ղ է նշել մեկ-երկու կոնկրետ, տեսանելի արդյունքով բարեփոխումներ: Նա միայն ասաց. «Դրանք դեռեւս կայացման փուլում են` ավագ դպրոցների եւ մի շարք այլ հարցեր»:

Mar 25, 2011

ԱԺ նախագահը նախատեսում է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին

Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր` մարտի 25-ին, օրվա երկրորդ կեսին պետք է այցելի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 11-րդ օրն է` հացադուլի մեջ է, անդրադառնալով ԱԺ նախագահի հնարավոր այցելությանը` նշեց «Հուսով եմ, որ պարոն Աբրահամյանը վեր կկանգնի իշխող կուսակցության կամ միջկուսակցական բարդույթներից, կգա եւ իր ասելիքը ինձ կասի»: Այցելելու մտադրություն ունեին նաեւ կոալիցիայի անդամ խմբակցությունները, սակայն այցը ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց:

Նշենք, որ այսօր Հովհաննիսյանին է այցելել նաեւ ԱԺ ախատակազմի ղեկավար Գեղամ Ղարիջանյանը, իսկ երեկ երեկոյան` նախագահական նստավայրի աշխատակիցը:

Mar 18, 2011

Ինչպե՞ս իրեն կպահի ԱԺ-ն, եթե դատախազը «Ժառանգության» պատգամավորների հարցով միջնորդություն ներկայացնի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը խուսափել է կարծիք հայտնել, թե ինչպես իրեն կպահի ԱԺ-ն, եթե գլխավոր դատախազը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի մասով:

«Ազգային ժողովը դա բազմաթիվ կուսակցություններից եւ պատգամավորներից բաղկացած մարմին է: Դա մեկ կոճակ չէ, այլ 131 կոճակ է: Եթե որեւէ խնդիր կա, որի շուրջ պետք է հետաքննություն կատարվի, օրենքը թույլ է տալիս, որ տեղում` ԱԺ-ում այդ հետաքննությունը կատարվի»,-հայտարարեց Սահակյանը: Նա նաեւ հավելեց, որ երբ տեղի ունեցավ հայտնի միջադեպը «Ժառանգության» եւ ոստիկանների միջեւ, ինքը հանդես եկավ հայտարարությամբ եւ նշեց, որ պետք է պատշաճ վերաբերմունք ցուցաբերել պատգամավորների նկատմամբ, քանի որ նրանցից յուրաքանչյուրի հետեւում ժողովուրդ է կանգնած:

«Այդ պատշաճությունը անհրաժեշտ է մեր ազգի եւ պետության համար: Մենք պիտի կարողանանք որոշակի մշակույթ ունենալ փոխհարաբերությունների առումով: Բոլորը գիտեն, թե իրենց հարեւանի, ծնողի հետ ոնց պիտի վերաբերվեն: Օրենսդրական դաշտը պիտի այնպիսին լինի, որ սահմանվի պետական պաշտոնյայի, չինովնիկի հետ վերաբերմունքը»,-հայտարարել է ՀՀԿ խմբակիության ղեկավարը:

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2011թ. մարտի 4-ին ՀՀ քր. օր-ի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել` 2011թ. մարտի 3-ին Հանրապետության հրապարակի տարածքում փողոցային առևտուրն արգելելու որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտելու եւ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Միաժամանակ ՀՔԾ հարցաքննության հրավիրելու մասին Արմեն Մարտիրոսյանին եւ Զարուհի Փոստանջյանին մարտի 12-ին պաշտոնական ծանուցագրեր է ուղարկել, որոնցում, սակայն, պահպանված չի եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածի համապատասխան դրույթը, համաձայն որի` ծանուցագրում պարտադիր պետք է նշվի հարցաքննության կանչվողի կարգավիճակը:

Mar 5, 2011

«Ժառանգությունը» փորձում է հարաբերություններ ստեղծել ՀԱԿ-ի հետ. ՀՀԿ-ական պատգամավոր

Այն հանգամանքը, որ ԱԺ աշխատանքները բոյկոտելուց հետո «Ժառանգության» պատգամավորները գնացին ՀԱԿ հանրահավաքին, թույլ է տալիս մտածել, որ «Ժառանգության» հետագա անելիքները կախված են ՀԱԿ-ից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 5-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Ժառանգությունը» փորձում է հարաբերություններ ստեղծել ՀԱԿ-ի հետ»,- նկատեց պատգամավորը: Իսկ թե ի՞նչ կորոշի «Ժառանգությունը» վաղը տեղի ունենալիք կուսակցության նիստում իր հետագա քայլերի առնչությամբ, Ալեքսանյանը դժվարացավ ենթադրություններ անել:

Նա նաև անդրադարձավ բացօթյա առևտրով զբաղվողների, «Ժառանգության» պատգամավորների եւ ոստիկանների միջև նախօրեին տեղի ունեցած բախմանը, և նշեց, որ այն «շատ տգեղ և ցավալի դեպք էր», պատգամավորների դեմ ուղղված ոտնձգություն:

Պատգամավորը դատապարտեց ուժի կիրառումը ոստիկանների կողմից` նշելով, որ մեղավորները պետք է օրենքի ուժով պատժվեն: Նա միաժամանակ նշեց, թե գուցե ոստիկանները սխալ են վարվել, բայց, «բոլոր դեպքերում պատգամավորներն էլ են նպաստել այդ դեպքին»:

«Փոխադարձ ճիշտ հարաբերվելու դեպքում այդ դեպքը չէր լինի»,- հայտարարեց Ալեքսանյանը և նշեց, որ միջադեպի հետ կապված ընթացող ծառայողական քննությունը շատ հարցերի պատասխաններ կտա:

Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը և իրենց հետագա քայլերի վերաբերյալ որոշում են կայացնելու մարտի 6-ին կայանալիք կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites