Mar 5, 2011

«Ժառանգությունը» փորձում է հարաբերություններ ստեղծել ՀԱԿ-ի հետ. ՀՀԿ-ական պատգամավոր

Այն հանգամանքը, որ ԱԺ աշխատանքները բոյկոտելուց հետո «Ժառանգության» պատգամավորները գնացին ՀԱԿ հանրահավաքին, թույլ է տալիս մտածել, որ «Ժառանգության» հետագա անելիքները կախված են ՀԱԿ-ից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 5-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

«Ժառանգությունը» փորձում է հարաբերություններ ստեղծել ՀԱԿ-ի հետ»,- նկատեց պատգամավորը: Իսկ թե ի՞նչ կորոշի «Ժառանգությունը» վաղը տեղի ունենալիք կուսակցության նիստում իր հետագա քայլերի առնչությամբ, Ալեքսանյանը դժվարացավ ենթադրություններ անել:

Նա նաև անդրադարձավ բացօթյա առևտրով զբաղվողների, «Ժառանգության» պատգամավորների եւ ոստիկանների միջև նախօրեին տեղի ունեցած բախմանը, և նշեց, որ այն «շատ տգեղ և ցավալի դեպք էր», պատգամավորների դեմ ուղղված ոտնձգություն:

Պատգամավորը դատապարտեց ուժի կիրառումը ոստիկանների կողմից` նշելով, որ մեղավորները պետք է օրենքի ուժով պատժվեն: Նա միաժամանակ նշեց, թե գուցե ոստիկանները սխալ են վարվել, բայց, «բոլոր դեպքերում պատգամավորներն էլ են նպաստել այդ դեպքին»:

«Փոխադարձ ճիշտ հարաբերվելու դեպքում այդ դեպքը չէր լինի»,- հայտարարեց Ալեքսանյանը և նշեց, որ միջադեպի հետ կապված ընթացող ծառայողական քննությունը շատ հարցերի պատասխաններ կտա:

Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը և իրենց հետագա քայլերի վերաբերյալ որոշում են կայացնելու մարտի 6-ին կայանալիք կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites