Քիչ առաջ մի խումբ ոստիկաններ փորձել են ցրել բացօթյա առեւտրով զբաղվողների բողոքի ակցիան կառավարության շենքի առջեւ: Ընդ որում, ոստիկանները ուժ են կիրառել նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ:
Մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ հարվածներ է հասցրել Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:
Ոստիկանները հրմշտել ու քաշքշել են ցուցարարներին, որի հետեւանքով վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես հայտնեց Զարուհի Փոստանջյանը դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները սրսկել են նրան:
Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ պահանջում են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: