Mar 2, 2011

Ժողովրդի և իշխանության միջև միջնորդներ հարկավոր չեն. Շարմազանովը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

«Մեզ համար ցանկացած վերջնագիր կամ վերջնաժամկետ անընդունելի է»,– ասաց Շարմազանովը՝ անդրադառնալով երեկվա հանրահավաքի ժամանակ առաջին նախագահի կողմից հրապարակած հայտարարություն–պահանջին։ Ինչպես հայտնի է, 15 կետից բաղկացած հայտարարությամբ Լևոն Տեր–Պետրոսյանն իշխանություններին մի շարք խնդիրների լուծման պահանջներ ներկայացրեց՝ շեշտելով, որ այդ պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ ազգային կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ՝ օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։

Ըստ ՀՀԿ խոսնակի՝ իշխանությունները կողմնակից են երկխոսության, ինչի մասին մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել են՝ ցույց տալով, որ «երկխոսության նախաձեռնողներն իրենք են»։ «Ավելին, կուսակցությունների հետ համատեղ Սերժ Սարգսյանը մի քանի խնդիրների շուրջ քննարկումներ է կազմակերպել, որը նույն Տեր–Պետրոսյանի շարժումը բոյկոտել է։ Այնպես որ, պայմաններ դնելը չի նպաստում երկխոսությանը»,– ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ իշխանությունները շատ լավ գիտակցում են երկրի առջև ծառացած խնդիրները և քայլեր են ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ։ «Դրա վկայությունն է օրինակ այն, որ գազի գինը չի թանկանա։ Ժողովրդի և իշխանության միջև միջնորդներ հարկավոր չեն»,– նշեց նա։

Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի երեկվա այն հայտարարությանը, թե «Սերժ Սարգսյանի համար քաղաքական երկխոսության ճանապարհը դեռ բաց է», Էդուարդ Շարմազանովն ասաց. «Իշխանությանը և նախագահին շանս տալիս է ժողովուրդն ընտրությունների միջոցով, և որևէ մեկն իրավունք չունի իշխանություններին նման շանս տալ ժողովրդի անունից»։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites