Mar 9, 2011

Ինչպե՞ս են ռեստորանում կանանց տոնը նշել հայրենի չինովնիկները. Ալիկ Սարգսյանը մարտի 8-ին խմել է տղամարդկանց կենացը

Հայաստանի բարձրաստիճան եւ ոչ այնքան բարձրաստիճան չինովնիկներից ոմանք, այդ թվում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, մարտի 8-ը նշել են Երեւանի Ամիրյան փողոցի վրա տեղակայված «Նոյյան Տուն» ռեստորանում: Մարտի 8-ը մեկ սեղանի շուրջ էր հավաքել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ոստիկանական համակարգի մի շարք պաշտոնյաների եւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանին՝ իրենց ուղեկցող կանանցով:

NEWS.am-ի թղթակիցը, ով նույնպես այդ ռեստորանում է եղել, նշում է, որ սեղանի գլխին նստած Ալիկ Սարգսյանը թամադայություն էր անում եւ ի թիվս այլ կենացների, խմեց նաեւ տղամարդկանց կենացը:

«Թույլ տվեք խմել տղամարդկանց կենացը, իհարկե, եթե կանայք դեմ չեն»,- ասաց նա, ինչը սեղանակից կանայք անարձագանք թողեցին: Փոխարենը այդ առաջարկը հաճույքով ընդունեցին տղամարդիկ, ասելով. «Ոնց կասես, Սերգեյիչ»:

Ի դեպ, Ալիկ Սարգսյանի եւ մյուսների զբաղեցրած սեղանին դեմ դիմաց նստած էին այլ հայտնի դեմքեր: Մասնավորապես` ԱԺ պատգամավոր, Ռուսաստանի հայերի միության նախագահի եղբայր Գագիկ Աբրահամյանը` իր ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչների հետ, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն՝ իրենց տիկնանց հետ: Ի դեպ, մարտի 8-ից մեկ օր առաջ Վազգեն Մանուկյանը ասել էր, թե «իրենց ընտանիքում ընդունված չէ հատուկ նշել մարտի 8-ը»: Դե, երեւի, մարտի 8-ը ռեստորանում նշելը հատուկ միջոցառում չէ պարոն Մանուկյանի համար: Նա, ի դեպ, երեկոյի ընթացքում ստեպ-ստեպ հիշում էր իր անցյալը եւ պատմություններ պատմում, թե. «Երբ ես պաշտպանության նախարար էի…», «Իմ` վարչապետ էղած ժամանակ…»:

Մի ուշագրավ դրվագ եւս. երբ ռոյալին մոտեցավ ռեստորանի երգիչներից մեկն ու սկսեց «Սանտա լուչիա»-ն երգել, կենացներից հոգնած եւ խորտիկներից կշտացած Ալիկ Սարգսյանը աշխուժացավ եւ ծափահարություններ տեղալուց հետո հայտարարեց. «Լրիվ Եվրոպայա, լրի~վ»:

Ի դեպ, ուշագրավ էր նաեւ կանանց տոնը նշելու եկած մեր պատմության հերոսների հագուկապը. նրանք բոլորը հանգնվել էին տնավարի`սվիտերներով էին, իսկ Ալիկ Սարգսյանը հագել էր սպորտային շապիկի, վրայից՝ «պալասատովի» կոստյում: Սա էլ է վերաբերմունքի յուրաօրինակ դրսեւորում կանանց եւ նրանց նվիրված տոնի նկատմամբ:

news.am

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites