Հնդկաստանի Կալկաթա քաղաքում Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանում մարտի 3-ին նշվել է Սրբոց Վարդանանց տոնը:
Հանդիսությունն սկսվել է Տերունական աղոթքով, այնուհետեւ Մարդասիրականի սաները հանդես են եկել Վարդանանց քաջերին նվիրված բեմականացմամբ, ուր նրանք մարմնավորել էին Մեծ զորավարին ու նրա զինակիցներին: Իսկ երգչախմբի կատարմամբ հնչել են Ավարայրի հերոսներին ձոնված շարականներ եւ երգեր:
Ձեռնարկը եզրափակել է հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյան` ի մասնավորի ասելով. «Հանդիսությունն այնքան հուզիչ էր, որ մեզ 1500 տարի հետ տարավ, դեպի Ավարայրի դաշտ, եւ մենք ականատես եղանք Վարդանանց հավատքին ու հայրենասիրությանը…Վարդանանց քաջերը մեզ ավանդեցին հավատարիմ մնալ Հայ Եկեղեցուն եւ Մայր հայրենիքին»: Հայր Խորենը պատգամել է`լինել արժանի զինվորը Սուրբ Վարդանի եւ վառ պահել Վարդանանց հիշատակը: