Քաղաքականություն

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի քաղաքական անցուդարձը.

Հասարակություն

ԼՐԱՏՈՒ. Հասարակական իրադարձություններ. Ինչո՞վ է զբաղված մեր հասարակությունը

Տնտեսություն

ԼՐԱՏՈՒ. Ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը. Ի՞նչ է կատարվում տնտեսության մեջ.

Մշակույթ

ԼՐԱՏՈՒ. Հայաստանի և աշխարհի մշակութային կյանքը.

Կրթություն

ԼՐԱՏՈՒ. Կրթությունը Հայաստանում.

Showing posts with label Ոստիկանություն. Show all posts
Showing posts with label Ոստիկանություն. Show all posts

May 27, 2011

Երիտասարդ տղամարդն իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից եւ կենդանի մնացել. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Երեւանում այսօր` մայիսի 27-ին ժամը 13:30-ի սահմաններում մի տղամարդ իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից:

Քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, նա կենդանի է մնացել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ժամանել են դեպքի վայր` Կիեւյան կամուրջի տակ:

Դեպքի վայրում են նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները:

Ոստիկանության Մաշտոցի բաժնում արդեն սկսվել է նյութերի նախապատրաստումը, որպեսզի պարզեն տեղի ունեցածի հանգամանքները:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մեկնել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ճշտելու համար ինքնասպանության փորձ կատարողի տվյալները:

Կամրջից ցած նետվողը շուրջ 40 տարեկան է: Նա ներկայումս գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

May 18, 2011

Գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին եւս 2 ամսով կալանավորեցին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` մայիսի 18-ին վճռեց եւս երկու ամսով կալանավորել Հովհաննես Թամամյանին:

Ինչպես դատարանից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ դատական նիստում լսվում էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, որով քննիչը միջնորդում էր եւս երկու ամսով երկարաձգել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի խափանման միջոց կալանքը:

Դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարացրեց Թամամյանի կալանքը:

Ի դեպ, Հովհաննես Թամամյանը հրաժարվել էր մասնակցել դատական նիստին, եւ նիստը կայացել է առանց նրա:

Ավելի վաղ հայտնի էր, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար:

May 6, 2011

Կալանավորվել են մարտի 1-ի գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիները

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները երկու ծառայողական ավտոմեքենաներով Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Երեւանի թիվ մեկ մեկուսարան տեղափոխեցին 2 երիտասարդների, ովքեր նույն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներն են:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 6-ին Հատուկ քննչական ծառայությունը միջնորդությամբ դիմել է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը:

Դատարանը դռնփակ դատական նիստում, որը նախագահում էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է միջնորդությունը:

Դատարանի ողջ շենքը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, որը ղեկավարում էր Կենտրոնի դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը, իսկ դատարանի դահլիճի դռան մոտ ուժեղացված հսկողություն կատարող կարգադրիչների խմբին ղեկավարում էր ստորաբաժանման պետի տեղակալ Ռաֆայել Ստեփանյանը:

Կալանավորված երիտասարդներն են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչներ Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները, ովքեր մեղադրվում են ապօրինի զենք կրելու եւ Գավառի բնակիչ «Կոկո» մականվամբ Հակոբ Հովհաննիսյանի եւ նրա որդու` Հովսեփ Հովհաննիսյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ:

Դեպքը տեղի էր ունեցել 2009 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 20:30-ի սահմաններում, Գավառի «Պարտեզ» խանութի մոտ: Արթուր եւ Արմեն Մարտիրոսյանները Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի եղբոր որդիներն են, ինչպես նաեւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հորեղբոր որդիները:

Նույն գործով կալանավորվել է նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնի է մարտի 1-ի մի շարք գործերով, մասնավորապես, «7-ի գործով», որով դատապարտվել են ընդդիմության 7 ներկայացուցիչներ:

May 5, 2011

Սև ամպեր Ներսես Նազարյանի գլխին

Ըստ տեղեկությունների, այժմ էլ Ներսես Նազարյանն է հայտնվել «սև ցուցակում»: Բանը նրանում է, որ, ինչպես նշվում է մամուլում, Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հանձնարարել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի կողմից Ալիկ Սարգսյանի դեմ նյութվող «դավերի» վերաբերյալ «իրեղեն» ապացույցներ ներկայացնել:

Հիշեցնենք, որ մամուլում վաղուց արդեն համառ լուրեր են շրջանառվում, ըստ որոնց Ներսես Նազարյանի և Ալիկ Սարգսյանի հարաբերությունները բավականին լարված են, ինչի պատճառը Ներսես Նազարյանի բացահայտ հավակնություններն էին ՀՀ ոստիկանապետի պաշտոնին: Սույն բարձրաստիճան պաշտոնյան ամեն առիթը օգտագործում էր նշելու համար, որ ինքը բացարձակապես կախում չունի ՀՀ ոստիականապետից և իր բոլոր գործողությունները իրականացնում է ինքնուրույն, առանց սպասելու վերջինիս կողմից համապատասխան կարգադրությունների: Իսկ բոլոր այս հայտարարությունների պատճառը նրա անթաքույց ցանկությունն է դառնալ ՀՀ ոստիկանապետ` Ալիկ Սարգսյանի փոխարեն:

Ալիկ Սարգսյանը բազմիցս փորձել է քողարկել այս լուրերն ու ասեկոսեները, պնդելով` որ իր և Ներսես Նազարյանի հարաբերությունները միանգամայն նորմալ են, բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինում:

Եվ հիմա, ըստ մամուլի, բանը հասել է ՀՀ նախագահին, որը կարգադրել է Ալիկ Սարգսյանին զբաղվել այդ հարցով: Եթե նախագահը ապացույցներ է ուզում, ապա չի բացառվում, որ դրանց առկայության դեպքում դրվի Երևանի ոստիկանապետի պաշտոնանկության հարցը:
Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ մոտ ապագայում ականատեսը լինենք ևս մեկ աղմկոտ պաշտոնանկության ՀՀ ոստիկանության համակարգում:

Վարորդն ինքնասպան է եղել ճանապարհային ոստիկանի աչքի առաջ

Ռուսաստանի Անապա քաղաքում վարորդն ինքնասպան է եղել հենց ճանապարհային ոստիկանի աչքի առաջ: Փաստի առթիվ քննիչները ստուգումներ են սկսել, հաղորդում է Regions.ru-ն:

Մայիսի 2-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Honda ավտոմեքենան, որի վարորդը սակայն կանգ չի առել: Ըստ լրատվամիջոցների, ոստիկանները ստիպված են եղել հետապնդել նրան եւ փակել նրա ճանապարհը քաղաքի խաչմերկումներից մեկում:

Ճանապարհային ոստիկանները կասկածել են, որ Honda-ի ղեկին գտնվող 47-ամյա տղամարդը հարբած է:

Նրան առաջարկել են ստուգում անցնել, սակայն վարորդը հրաժարվել է: «Վերադառնալով իր մեքենայի մոտ, 47-ամյա տղամարդը հանել է գազային ատրճանակը եւ կրակել իր գլխին: Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

«Երկիր». Չորս հոգու մահվան պատճառ դարձած անձը ազատության մեջ է

«Մեկուկես տարի առաջ Մեղրիում՝ ավտովթարի հետեւանքով, չորս հոգու մահվան պատճառ դարձած «Էդեմ» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչիկ Հայրապետյանն ազատության մեջ է։ Այդ մասին ահազանգել են մեղրեցիները։ Դատարանը Հրաչիկ Հայրապետյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման եւ հաշվառել դատապարտյալներով բնակեցված Նյուվադի գյուղում։

Սակայն մեղրեցիները վստահեցնում են, որ դատապարտյալը Մեղրիում է եւ շարունակում է աշխատեցնել իր ռեստորանային համալիրն ու դրան կից գիշերային ակումբը։ Ավելին՝ նա սերտ ընկերական կապերի մեջ է քաղաքի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի հետ, ով Մեղրիում կատարվող բազմաթիվ դանակահարությունների եւ «ռազբորկաների» ակտիվ մասնակիցն է եղել։

Մեղրեցիներն ասում են, որ երկուսին հաճախ կարելի է տեսնել «Էդեմ» համալիրում։ Ու մինչ մտերիմներով քեֆ են անում, քաղաքի բնակիչներն ասում են, որ այլեւս անհնար է նրանց հետ ապրել նույն քաղաքում»,-գրում է «Երկիր» օրաթերթը:

May 2, 2011

Նոր Արեշում 15-20 անձինք ձեռքերով, ոտքերով ու քարերով ծեծել են 2 երիտասարդների

«Էրեբունի» բժշկական կենտրոնից ապրիլի 30-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 18-ամյա Արթուր Մ.-ն եւ 17-ամյա Արշակ Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նրանք հայտնել են, որ նույն օրը, ժամը 13.00-ին, 15-20 անհայտ անձինք Նոր-Արեշ թաղամասում, վիճաբանության ժամանակ, հայհոյել են իրենց եւ ձեռքերով, ոտքերով ու քարերով հարվածելով՝ պատճառել վնասվածքներ:

Ոստիկանները պարզել են, որ խուլիգանությանը մասնակցել են 17-ամյա Սարգիս Վ.-ն եւ 18-ամյա Մանուկ Գ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց, ինչպես եւ խուլիգանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

32-ամյա քաղաքացին վայր է ընկել պատուհանից եւ գիտակցության չգալով` մահացել

«Էրեբունի» բժշկական կենտրոնից մայիսի 1-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա Մնացական Հակոբկոխյանը, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Մ. Հակոբկոխյանին ուղեկցողները հայտնել են, որ նա վնասվածքն ստացել է Բագրատունյաց փողոցի 38/1 շենքի բնակարաններից մեկի պատուհանը նորոգելու ժամանակ անզգուշությամբ վայր ընկնելու հետեւանքով:

Նույն օրը, ժամը 18.30-ին, Մ. Հակոբկոխյանը, գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Apr 29, 2011

«Միցուբիշի-Մոնտերո»-ի կին վարորդը մահացել է

Ապրիլի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.30-ին Գոհար Յարուլյանի վարած «Միցուբիշի-Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան 3-րդ գյուղից դեպի Սպանդարյան կայարան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով Գ. Յարուլյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Երաժիշտը մահացել է հենց բեմում

Երեւանում այսօր` ապրիլի 28-ին, ժամը 19-ի սահմաններում Արամ Խաչատրյանի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքում դժբախտ դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնի է այդ ժամանակ պետք է Օպերայում տեղի ունենար Պարի պետական անսամբլի համերգը, սակայն համերգից առաջ պարապմունքի ժամանակ, դահլիճում, բեմի վրա հանկարծամահ է եղել 61-ամյա Համլետ Մուրադյանը: Նա պարի պետական անսամբլի ակորդեոնիստն էր:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հրավիրել են դատական բժշկին եւ քննիչին: Նախնական զննությամբ դիակ վրա բնության հետքեր չկան:

Apr 26, 2011

Մոսկվայում ապրիլի 24-ին ձերբակալել են հայկական դրոշներ թափահարող հայ երիտասարդների

Մոսկվայում ապրիլի 24-ին ձերբակալվել են մի քանի հայեր չարտոնված ակցիաներ անցկացնելու համար:

Մեկին ձերբակալել են Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջեւ: Մոսկվայի մարզի 40-ամյա հայ բնակիչը իր մեքենայի վրա Հայաստանի դրոշն էր ամրացրել եւ գրառումներ` «Հավերժ հիշատակ անմեղ զոհերին» եւ «Թուրքիայի գլխին անեծք է կախված» բովանդակությամբ: Նրան պատասխանատվության չեն ենթարկել:

Մի քանի հայերի ձերբակալել են երթեւեկության կանոնները խախտելու համար:

Բացի այդ, ոստիկանության բաժին են տարվել չորս անչափահաս հայեր, որոնք դուրս է եկել մեքենայի պատուհաններից եւ հայկական դրոշներ էին թափահարում:

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը նշում էր ողբերգական տարելիցը` Հայոց ցեղասպանության 96-րդ ամյակը: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Լրագրողին ծեծի ենթարկած Արկադի Անդրեասյանի նկատմամբ դեռեւս քրեական գործ չի հարուցվել

«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից Totalfootall.am-ի ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Այս մասին հայտնում է  ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» -«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից ծեծի ենթարկված Totalfootall.am-ի 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը ծնոտի վնասվածքի եւ գլխացավերի պատճառով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Արկադի Անդրեասյանը խաղից հետո հարցաքննվել էր ոստիկանությունում: Totalfootall.am-ը փոխանցմամբ` Առուշանյանը կատարել է իր աշխատանքը եւ լուսանկարել էր տրիբունայում գտնվող մասնագետին: Առաջին հարվածը հասցրել է հենց Անդրեասյանը, ապա նրան ուղեկցողները ծեծել են Առուշանյանին «Հրազդան» ստադիոնի թունելում:

Apr 23, 2011

«Հայացք». Փոխոստիկանապետի սպանության գործը նոր շրջադարձ է ընդունում

Շաբաթաթերթը գրում է, որ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է հատուկ քննչական ծառայությունից փետրվարի 22-ին ստացված Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Տվյալ քր. գործի նախաքննության իրականացման համար ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որը կատարում է անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողություններ:

Հիշյալ խմբի ղեկավարը ՀԿԳ ավագ քննիչ ՌոմաՍարդարյանն է: Մեզ առայժմ հայտնի չէ, թե Ռ. Սարդարյանն ազգակցական որեւէ կապ ունի՞,արդյոք, Գ. Մհերյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տարօրինակ, կասկածելի կերպով իրականացրած ու, բնականաբար, արդյունքի չհասած քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանի հետ: Հետեւենք իրադարձությունների ընթացքին եւ հուսանք, որ գոնե Ռ. Սարդարյանի ղեկավարած խմբի աշխատանքը անփառունակ ավարտ չի ունենա»,- գրում է «Հայացքը»:

Apr 22, 2011

Վրաստանում բռնաբարվել եւ սպանվել է 72-ամյա մի կին

Արեւելյան Վրաստանի Կախեթիի Գուրջաանսկի շրջանի գյուղերից մեկում 72-ամյա Թինա Զուլիաշվիլին հայտնաբերվել է սեփական տանը սպանված: Տեղի բնակիչների խոսքով, երբ կնոջ դիակը հայտնաբերվել է, պարզվել է` նա մերկ է եղել, ձեռքերը եղել են մեջքի հետեւում կապված, իսկ գլխի վրա եղել են հարվածների հետքեր:

Ենթադրվում է, որ կինը բռնաբարվել է: Տեղի բնակիչներն այժմ վախենում են, որ գուցե գյուղում մոլագար է հայտնվել: Նրանք համոզված են, որ կնոջը սպանել են ոչ թալանելու նպատակով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

39-ամյա տղամարդը հատել է սահմանը, հայտնվել չեզոք գոտու ականապատված դաշտում եւ ընկել ականի վրա

Ոստիկանության Տավուշի բաժնում ապրիլի 21-ին հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 39-ամյա Արամայիս Հ.-ն:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նա անցնելով սահմանամերձ գոտու հայկական հենակետերը, հայտնվել է Ադրբեջանի Աղդամ գյուղին հարակից չեզոք գոտում գտնվող ականապատված դաշտում եւ ընկել ականի վրա, որի պայթյունից ստացել է վնասվածքներ եւ տեղափոխվել հոսպիտալ:

Արամայիս Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանգամանքները պարզվում են:

Տավուշի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

«Հայոց աշխարհ». Ստեփանավանում ոստիկանը կողոպտել է բանկի մասնաճյուղը

Թերթը պատմում է մի բավականաչափ ուշագրավ քրեական գործի մասին:

«Հանցագործության հեղինակը՝ Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Միքայել Եղիազարյանը, ոստիկան է. 2007-ի դեկտեմբերից աշխատելով ոստիկանության Լոռու մարզային վարչության պահպանության բաժանմունքում, նա 2010թ. օգոստոսի 1-ից մինչեւ օգոստոսի 19-ը ծառայություն է իրականացրել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Ստեփանավանի մասնաճյուղում: Ոստիկան տղա, ուժային կառույցի ներկայացուցիչ, բայց իր եւ հոր անունով բազմաթիվ մարման ենթակա վարկեր ունի, տարբեր մարդկանց պարտքեր ունի տալու, որ չի կարողանում վերադարձնել: Ի՞նչ անել:

Միքայելը «հարմար» առիթը որոշում է բաց չթողնել` ողջ միտքը եւ ուշադրությունը կենտրոնացնելով հիշյալ բանկում ծառայություն իրականացնելու ընթացքում բանկոմատը թալանելու վրա: Դե, երեւի մտածել է` ինքն ինչո՞վ է պակաս ամերիկյան ֆիլմերի հերոսներից եւ... մտադրությունն իրականացնելու համար նա ժամեր շարունակ հետեւել է բանկոմատի լիցքաթափման եւ լիցքավորման գործընթացներին:

Այդ ընթացքում ուշի-ուշով հետեւելով բանկոմատի դուռը բացող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ «Ստեփանավան մասնաճյուղի» կառավարիչ Ն.Բոյաջյանի ամենօրյա աշխատանքին, պարզել է բանկոմատի կոդավոր փականի կոդը, միաժամանակ ճշտելով, որ Նունե Բ.-ն բանկոմատի դռան փականի բանալին պահում է իր աշխատասեղանի պահադարակում:

Առաջնորդվելով «լավ մշակված պլանը հաջողության գրավականն է» սկզբունքով, նա պարզել է նաեւ, որ բանկոմատի դրամապանակները կապարակնքվում են, իսկ կապարակնքման համար անհրաժեշտ իրերը` թելը, կապարները եւ կապարակնքող սարքը պահվում է բանկի մասնաճյուղի սպասարկման բաժնի պետի պահադարակում:

Անշուշտ նա նկատի է ունեցել, որ բանկի տարածքը տեսագրվում է կառավարչի աշխատասենյակում տեղադրված համակարգչի միջոցով: Եւ հենց դրա համար էլ որոշել է տիրապետել համակարգչային այն գործողություններին, որոնք կօգնեին իրեն ջնջել համակարգչի հիշողությունից անցանկալի, այսինքն՝ իր կողմից նախապատրաստվող հանցագործությանը վերաբերող տեսագրությունները: Այս նպատակով Մ.Եղիազարյանը դիմել է ընկերոջը` համակարգչային գիտելիքներ ունեցող Գ.Գեւորգյանին, խնդրելով սովորեցնել, թե ինչպես կարելի է համակարգչի հիշողությունից տեսագրություններ ջնջել: Բնականաբար ընկերոջը չի պատմել իր ծրագրի մասին: Վերջինս էլ նրան մանրամասն, ընդ որում, հենց բանկի մասնաշենքում բացատրել է տեսագրություններ ջնջելու եղանակը:

Եւ ահա, համարելով, որ արդեն ամեն բան հստակ պլանավորված է, բանկը «պահպանող» ոստիկանը անցել է գործի: Միայն թե մեր հերոսը շատ կարեւոր մի հանգամանք հաշվի չի առել: Նա չի իմացել, որ բանկոմատի դռան բացման եւ դրամապանակների տեղաշարժման ողջ ընթացքը համակարգչային ցանցի միջոցով անմիջապես արձանագրվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գլխամասում:

Ի դեպ, նա տեղյակ էր` բանկոմատը լիցքաթափվում կամ լիցքավորվում է ոչ ամեն օր, ինչն էլ հիմք էր տվել ենթադրելու, թե գումարի հափշտակության հանգամանքը կամ չի բացահայտվի, կամ էլ կբացահայտվի օրեր հետո:

Եւ ահա, հերթական ծառայության օրը` 2010 թվականի օգոստոսի 4-ի երեկոյան, Միքայել Եղիազարյանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ «Ստեփանավան» մասնաճյուղում գտնվելով միայնակ, հեշտ ու հանգիստ մտնում է Նունե Բոյաջյանի աշխատասենյակ եւ ուժի գործադրմամբ բացում վերջինիս աշխատասեղանի` փականով փակվող պահադարակը, ուր եւ գտնվում էր բանկոմատի բանալին:

Հետաքրքիր է, որ բանկոմատի դռան բանալին եւ բանկոմատի տեխնիկական անձնագիրը նույն դարակում են եղել պահված` ուղղակիորեն օժանդակելով բանկոմատը բացելուն: Անձնագրի մեջ հստակ նշված է եղել բանկոմատի կոդավոր փականքի գործարանային կոդը:

«Գառը գայլին պահ են տվել»` նման դեպքերի համար է ժողովրդական հայտնի ասացվածքը. բանկոմատն էլ, դռան բանալին էլ ոստիկան Միքայելի պահպանության ներքո են եղել: Ուստի նա առանց դժվարության եւ բացարձակ չմտածելով իր արարքի շուրջ, բանկոմատից հափշտակում է մի խուրձ 20 հազար դրամանոցներ: Հետագա ողջ գործողությունները սահուն, ծրագրով գնում են, եւ հանցագործությունը կատարելուց հետո նա վերացնում է բոլոր հետքերը, իսկ բանկից դուրս գալով` բանկոմատի միջոցով ստուգում եւ համոզվում է, որ բանկոմատի հետ ամեն ինչ կարգին է: Ինչ մտածեր «բանկի պահապանը», որ իր գործողությունը տեսանկարահանվել է նշված բանկոմատի տեսագրող սարքի միջոցով:

Ամեն ինչ հաջողությամբ կատարելուց հետո Միքայել Եղիազարյանը վերադառնում է բանկի մասնաճյուղի վարչական շենք եւ համակարգչի հիշողությունից ջնջում հանցագործության մասին փաստող բոլոր տեսագրությունները:

Այս նույն գործողությունը Մ.Եղիազարյանը կատարում է նաեւ իր ծառայության հաջորդ օրերին, այդպիսով բանկոմատից հափշտակելով 1 520 000 դրամ եւ այն օգտագործելով անձնական կարիքների, իր վարկերի եւ պարտքերի մարման համար:

Նկատենք, որ հանցագործությունը բացահայտվել է 3 օր անց, երբ բանկի «Ստեփանավան» մասնաճյուղի համապատասխան աշխատակիցները լիցքաթափել են բանկոմատը` հայտնաբերելով 76 հատ 20 հազար դրամանոցի պակասորդ:

Միքայել Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի գողության, գույքի հափշտակության համար: Ի դեպ, չնայած բանկոմատը բացելու դրվագը արձանագրվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գլխամասում, այնուհանդերձ մեր կուրթանեցի հերոսն իրեն մեղավոր չի ճանաչում»,- գրում է «Հայոց աշխարհը»:

Apr 19, 2011

Հայաստանի ոստիկանապետի մեքենային հասցված վնասը կվերացվի «պոլիշի» միջոցով

Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին սպասարկող Toyota մակնիշի ավտոմեքենան իրոք վթարի է ենթարկվել: Տեղեկությունն այս մասին հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա նշեց, որ վթարի հետեւանքով ոստիկանապետի 001 ՈՍ 01 համարանիշի մեքենան աննշան վնասվածք է ստացել` քերծվել է, որը հնարավոր կլինի հարթել «պոլիշի» միջոցով:

Արդեն հայտնի էր, որ վթարից հետո ոստիկանապետի մեքենան երկար ժամանակ սպասել է ավտոապահովագրական ընկերության գործակալներին, սակայն նրանք այդպես էլ չեն ժամանել: Ահարոնյանը նշեց, որ ոստիկանապետի ավտոմեքենան ապահովագրված է «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերությունում: Իսկ այդ մեքենային հարվածած BMW X5-ը ապահովագրված է եղել «Կասկադ ինշուրանսում», որն էլ պետք է փոխհատուցի վնասը:

Հիշեցնենք, որ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում երեկ` ապրիլի 18-ին, ժամը 17-ի սահմաններում իրար են բախվել BMW X5 մակնիշի 13 ՏՏ 769 համարանիշի եւ Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները անմիջապես հանել էին Toyota-ի համարանիշները:

Հայաստանի ոստիկանապետի մեքենան վթարի է ենթարկվել

Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում երեկ` ապրիլի 18-ին, ժամը 17-ի սահմաններում իրար են բախվել BMW X5 մակնիշի 13 ՏՏ 769 համարանիշի եւ Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները անմիջապես հանել են Toyota-ի համարանիշները` 001 ՈՍ 01: Toyota-ն սպասարկում է Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին:

Վթարի վայրում խցանում է առաջացել, որը վերացնելու համար ճանապարհային ոստիկանության 3-4 մեքենա է ժամանել: Մեքենաների վարորդները գրեթե 50 րոպե սպասել են ապահովագրական գործակալներին, սակայն տեսնելով, որ նրանք չեն ժամանում, նյարդայնացած հեռացել են:

Apr 18, 2011

Որդին մոր տնից գողացել է ավագ եղբոր համակարգիչը, որում գաղտնի փաստաթղթեր են եղել

Ոստիկանության Արարատի բաժին ապրիլի 16-ին Երեւան քաղաքի վարչությունից ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի տներից մեկից գողություն է կատարվել:

Ինչպես  հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակչուհի Սիրվարդ Մելքոնյանը եւ հայտնել, որ իր տանից գողություն է կատարվել: Նա տեղեկացրել է, որ անհայտ անձը կամ անձինք ներս են մտել տուն, երբ ինքը մի պահ բացակայել է, եւ գողացել նոթբուք տեսակի համակարգիչ եւ 200 հազար դրամ կանխիկ գումար:

Նույն օրը ոստիկանության Արտաշատի բաժնում ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ եւ արդեն կեսգիշերին խումբը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ գողոթյունը կատարել է ահազանգ տված Սիրվարդ Մելքոնյանի կրտսեր որդին` 50-ամյա Ռոբիկ Պետրոսյանը:

Ճշտվել է որ նա թեեւ գրանցված է նշված գյուղում, սակայն փաստացի բնակվում է Երեւանի Բելինսկի փողոցի տներից մեկում: Նրան բերման են ենթարկել Արտաշատի բաժին: Նրա մոտից հայտնաբերվել է համակարգիչը, որը պատկանում է նրա ավագ եղբորը, ով աշխատում է «Իվեկո» ընկերությունում որպես տնօրեն: Համակարգչում, ըստ տնօրենի, եղել են ֆիրմային վերաբերող գաղտնի փաստաթղթեր:

Այս պահին ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի քննչական բաժնում քննչական գործողություններ են կատարվում:

Հերթական ինքնասպանությունը կանխված է

Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ապրիլի 18-ին, ժամը 01։00-ի սահմաններում կանխել են հերթական ինքնասպանությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տարածքում այդ ժամին իրենց ծառայությունը կատարող ոստիկանության պարեկապահակային ծառայության 3-րդ վաշտի աշխատակիցները նկատել են, որ մի տղամարդ ցանկանում է կամրջից ցած նետվել։ Ոստիկանության աշխատակիցները շուրջ 40 րոպե բանակցություններ են վարել տղամարդու հետ, որպեսզի նա ինքանսպանության չդիմի, սակայն տղամարդը համառել է։

Հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ։ Շուրջ 40-45 րոպե հետո, այնուամենայնիվ, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է բռնել տղամարդուն եւ կանխել ինքնասպանության փործը։

Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Մարգարյան փողոցի բնակիչ 32-ամյա Ա. Մ.-ն է։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կամրջի մոտ կանգնած մարդիկ հայտնել են, որ տղամարդու խոսքով, ինքն այդ քայլին դիմել է, քանի որ ունի սոցիալական խնդիրներ եւ չի կարողանում բնակարան գնել։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites