Խորհրդարանում հրապարակվեցին Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ 83 «կողմ» և 13 «դեմ» ձայների հարաբերակցությամբ օմբուդսմեն ընտրվեց Կարեն Անդրեասյանը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ՄԻ պաշտպանի ընտրություններին մասնակցել է 97 պատգամավոր: Հիշեցնենք, որ դեմ է քվեարկել ԱԺ «ՀՅԴ» խմբակցությունը:
Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց 13 «դեմ» քվեարկողներին` նշելով, որ նրանք բարձրացրին նշաձողն, ինչն իրեն կստիպի առավել լավ աշխատել և հասնել դրական գնահատականի նաև դեմ քվեարկողների կողմից:
«Ստանձնելով ՄԻ պաշտպանի պաշտոնը` երդվում եմ հավատարիմ լինել Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու, քաղաքացու ազատություններն ու իրավունքները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նորընտիր օմբուդսմենը: