Նախքան գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ելույթով հանդես կգար ոլորտի պատասխանատուների առջև` գյուղատնտեսության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների շրջանակում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ իր խոսքով, որը կարելի է որակել հարցականներով լի ելույթ. «Ինչո՞ւ է ընդունված ազգային ծրագիրը (նկատի ունի Գյուղատնտեսության զարգացման ազգային ծրագիրը, որը ներառում է ոլորտին վերաբերող ռազմավարությունը 2008-2012թթ.) այդքան շատ քննադատության ենթարկվում, ինչո՞ւ չեն լուծվել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները, գուցե կա՞ն պատճառներ, որ այդ ծրագիրը չի կատարվել, հատկապես եթե հաշվի առնենք, որ արդեն 2011թ-ն է, իսկ ծրագիրը մինչև 2012թ-ն է ներառում»,- և այլն:
ԱԺ խոսնակն ավելացրեց` եթե ընդունվում է ծրագիր ու այն ամենևին էլ չի իրագործվում, ապա ի՞նչ զարգացման մասին է խոսքը.
«Նոր հեծանիվ ամենևին էլ պետք չէ հորինել, հարկավոր է ուղղակի գտնել կոնկրետ ուղղություններ, որոնք կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը և այդպիսով գնալ առաջ: Սա է խնդիրը»:
Ի դեպ, Հ.Աբրահամյանի քննադատությանն արժանացան նաև բոլոր նրանք, ովքեր Հայաստանում առկա խնդիրները` ոլորտ առ ոլորտ, կապում են համաշխարհային ճգնաժամի հետ: Իր համոզմամբ, ինչպես և մի շարք այլ ոլորտներում, անպես էլ գյուղատնտեսությունում հատկապես առկա խնդիրները, որոնք այդչափ մտահոգում են իրեն, ամենևին էլ պայմանավորված չեն ճգնաժամով:
Այնպես որ, առաջարկեց նա, հարկավոր է, նախ, նվազեցնել գյուղացուն տրվող վարկերի տոկոսադրույքները, հավելյալ սուբսիդավորել այն գյուղացիների, որոնք բնակվում են հատկապես անբարենսպաստ կլիմայական պայմաններում, սուբսիդավորել գյուղացուն, ասենք, 20 տոկոսով գյուղտեխնիկա ձեռք բերելու համար և այլն: