Բանահավաք, բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազյանն այսօր` ապրիլի 18-ին լրագրողներին է ներկայացրել իր «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի հայերեն, անգլերեն եւ թուրքերեն տարբերակները:
Գիրքն ընդգրկում է Հայոց ցեղասպանությունից վերապրած սերնդից անմիջականորեն գրի առնված 700 միավոր ժողովրդական բանավոր վկայություններ եւ պատմական բնույթի երգեր:
Հայերեն տարբերակը հրատարկվել է 500 տպաքանակով, անգլերենը` 1000, իսկ թուրքերենը դեռ տպագրման փուլում է, հրատարակվում է Թուրքիայում եւ կտպագրվի այնքան, ինչքան պահանջարկ լինի: Հեղինակը գիրքը թարգմանել է իր միջոցներով, կրելով բազմաթիվ զրկանքներ, վաճառելով հայրիկից մնացած հին իրերը, ամուսնական զարդերը:
«Հայոց ցեղասպանության մասին տարբեր լեզուներով գրվել են գիտական աշխատություններ, փաստաթղթերի ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ, բայց այդ հսկայական գրականության մեջ բացակայել է ժողովրդի ձայնը` անմիջական տպավորություններ ստացած ականատես-վկա վերապրողների պատմած հուշերն ու հաղորդած ժողովրդական երգերը, որոնք եւս պատմաճանաչողական, փաստավավերագարական եւ սկզբանղբյուրային կարեւոր արժեք են ներկայացնում»,- ասաց Վերժինե Սվազյանը:
Հեղինակն իր ուսումնասիրությունը կատարելիս բազմաթիվ դժվարություններ է ունեցել, քանի որ Սովետական Հայաստանում արգելված էր այդ մասին խոսելը, ականատեսները եւս դժվարությամբ էին խոսում: Վերժինե Սվազյանը բազմաթիվ դեպքեր պատմեց, երբ նրանք հրաժարվում էին խոսել, քանի որ վախենում էին թուրքերից եւ Թուրքիայից:
Հեղինակը նշեց, որ աշխատությունը համալրված է տարաբնույթ ցուցիչներով, վերապրողների լուսանկարներով, Հայոց ցեղասպանության քարտեզով, եւ որ ամենից կարեւորն է, թուրքալեզու երգերն ուղեկցվում են հեղինակի կատարած հայերեն թարգմանություններով: Ականատեսների հուշերը եւ մանավանդ թուրքալեզու երգերն ունեն պատմական վավերագրերի արժեք ոչ միայն հայ ժողովրդի ողբերգական այդ շրջանի պատմությունը ճիշտ հասկանալու եւ ըմբռնելու իմաստով, այլեւ Հայ դատի պաշտպանությունն առավել հիմնավորելու եւ հատկապես թուրք ու թուրքամետ պատմաբաններին ժողովրդական հուշերով եւ հենց թուրքալեզու երգերով ու նրանցում հնչող մեղադրանքներով հակահարված տալու առումով: