Apr 15, 2011

Աբգար Ափինյան. Լեւոն Անանյանի վիրահատության համար անհրաժեշտ 5000 դոլարը ես եմ տվել

Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը համակրում է ՀՀԿ-ին, բայց այդ կուսակցության անդամատոս չունի: «Գրողը իր գրական գործունեության մեջ շատ սխալ կլինի, եթե որեւէ կուսակցության պատկանի: Ես համակրանքներ ունեմ «Հանրապետական» կուսակցության նկատմամբ, բոլոր այն կուսակցությունների նկատմամբ, որոնք աջակցում են երկրի զարթոնքին», - այսօր` ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աբգար Ափինյանը:

Այն հարցին, թե ԵԳՄ-ում Ափինյանի նման համակրանքներ ունեցողները շա՞տ են, բանախոսը պատասխանեց, որ կան եւ ՀՅԴ-ին, եւ ԲՀԿ-ին, եւ ՀՀՇ-ին համակրողներ, որոնց ինքը լավ է վերաբերում:

Ափինյանի տեղեկացմամբ, Երեւանի գրողների միությունն ունի 50 անդամ եւ 200-ից ավելի դիմում, որոնք դեռ չեն որոշել, թե ինչ պետք է անեն: Ըստ Ափինյանի, իրենք առաջնորդվում են «Քիչ, բայց որակով» սկզբունքով` թիրախ ընտրելով ոչ թե գրողին, այլ ընթերցողին: ԵԳՄ ղեկավարի ներկայացմամբ, նրանք նախաձեռնել են գրական մոնոպոլիան քանդել:

«Այս մոնոպոլիան պետք է վերացվի, բացահայտորեն կա գրական մոնոպոլիա, որի արդյունքն աղետալի է»,- ասաց ԵԳՄ նախագահը` հավելով, որ Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ) այսքան տարի սխալ քաղաքականություն է վարել:

Ինչ վերաբերում է Հայաստանի գրողների միություն-Երեւանի գրողների միություն հակամարտությանը, ապա ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանն ասաց, որ նման բան չկա, եւ Երեւանի գրողների միությունը Հայաստանի գրողների միության մի բաժինն է, թեպետ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նրանց մեղադրել էր դավաճանության մեջ եւ անվանել հակառակ ճամբարում գտվողներ:«Մենք շատ մեծ սիրով ենք տրամադրված Հայաստանի գրողների միության նկատմամբ, ինքներս Հայաստանի գրողների միության անդամ ենք, ուղղակի տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվում, մենք որոշեցինք գործունեություն ծավալել»,- ասաց Ա. Ափինյանը:

«Ի՞նչ թշնամության մասին է խոսքը, երբ Լեւոն Անանյանը հիվանդ էր, նրա վիրահատության գումարը`5000 դոլար, տվել է Աբգար Ափինյանը»,- ասաց Ա. Ափինյանը:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Աբգար Ափինյանը միշտ հայտնվում է սկանդալների մեջ, նա պատասխանեց. «Մեզ խանգարում է լրագրողների անիրազեկությունը»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites