Apr 18, 2011

Վրաստանը 5 ժամով բացել է Վերին Լարսի անցակետը

Վրացական կողմը հինգ ժամով բացել է Վերին Լարսի անցակետը` ռուսական կողմից կուտակված տարանցիկ տրանսպորտի անցումը թույլ տալու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության ղեկավար Յուլյա Ստարչենկոն:

«Ճանպարհը բաց է լինելու ժամը 7.00 -12.00-ը (երեւանյան ժամանակով ժամը 8.00-13.00-ը) »,-ասել է նա:

Նախարարությունը կոչ է արել ձեռնպահ մնալ այդ ճանապարհով երթեւեկել նրանց, ովքեր սահմանին չեն, քանի որ մի քանի ժամից անցակետը կրկին փակվելու է:

Նշենք, որ «Վերին Լարսն» արդեն մի քանի օր փակված է հեղեղների հետեւանքով առաջացած բարդությունների պատճառով: Արդյունքում անցակետում կուտակվել էին մի քանի ավտոբուսներ, երթուղայիններ եւ մարդատար ավտոմեքենաներ` հիմնականում տարանցիկ ավտոտրանսպորտը, որոնցում Հայաստանի մոտ 80 քաղաքացիներ կան:

«Կազբեկ-Վերին Լարս»-ը միակ պաշտոնական անցակետն է վրաց-ռուսական ցամաքային սահմանի տարածում: Անցակետը երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսել է իր աշխատանքը 2010թ. մարտի 1-ից: Այն փակվել էր 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից առաջ:

Հայաստանի համար «Վերին Լարսը» հիմնական ավտոտարանցային կետն է, որով իրականացվում են բեռնափոխադրումներն ու ուղեւորափոխադրումները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites