Apr 2, 2011

Synopsys Armenia-ի ղեկավարը կարծում է, որ Հայաստանի ՏՏ ոլորտը թևակոխում է զարգացման նոր փուլ

Երևանում ապրիլի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Տեղեկատվական տեխնոլոգիայի ձեռնարկությունների միության (UITE) ներկայացուցիչների աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկվել են ՏՏ ոլորտում ձեռնարկատիրության, հեռահաղորդակցությունների,արտասահմանյան ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև գործարար միջավայրի զարգացման հարցերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Հանդիպմանը ներկա են գտնվել «Յունիքոմփ», «Արմինկո», «Նորք», «Վիրաժ Լոժիք», ICON, GNC-Alfa, «Ձեռնարկությունների ինկուբատոր», «Օրանժ Արմենիա», «Ղ-Տելեկոմ» ընկերությունների ղեկավարները, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, UITE Գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Հովիկ Մուսայելյանի խոսքերով, եթե երկու-երեք տարի առաջ խոսում էին հիմնականում հարկային և մաքսային վարչարարության, ինտերնետի որակի մասին, ապա այսօր ձևաչափը փոխվել է, և խոսքը գնում է նորարարությունների, կրթության բարելավման մասին: «Մենք ունենք հաջողություններ և ձեռքբերումներ, ոլորտի ներկայացուցիչների հավակնությունները բարձր են, և կարծում եմ, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչել են հայտարարություններ, որ ոլորտը աճում է, և մենք պատրաստ ենք կառավարության ներկայացուցիչների հետ մշակել նոր ծրագրեր ոլորտի հետագա զարգացման համար»,- ասել է Մուսայելյանը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites