Apr 14, 2011

Lexus-ը բախվել է ծառին. Հինգ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, ապրիլի 14-ին՝ ժամը 01։50-ի սահմաններում, Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել 5 երիտասարդներ։ Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ վիրավորներն են 30-ամյա Համլետ Մանուկյանը, 35-ամյա Շահեն Բաղդասարյանը, 28-ամյա Հովհաննես Դուրգարյանը, 30-ամյա Արգամ Դուրգարյանը եւ 32-ամյա Ատոմ Առաքելյանը։

Պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են Սարդարապատ գյուղում։ Ժամը 01։00-ի սահմաններում Սարդարապատ-Նորապատ ճանապարհահատվածի սկզբնամասում Շահեն Բաղդասարյանը, վարելով Lexus մակնիշի 24 SS 558 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին։

Հիվանդանոց տեղափոխվածներից Արգամ Դուրգարյանը լուսաբացին մահացել է։ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի տուգանային հրապարակ։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites