Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հայաստանի Ազգային ժողովին է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք հայեցակարգային առաջարկություններ և դիտողություններ, տեղեկացնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, Պաշտպանն առաջարկում է վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը, նկատի ունենալով, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս քաղաքացիները:
Պաշտպանն անհրաժեշտ է համարում վերանայել տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը և առաջարկվում է լրացում կատարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգում: Առաջարկվում է նաև լրացուցիչ քննարկել Հանրապետության նախագահի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, անհարկի սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը:
Կարեն Անդրեասյանը քննարկման թեմա է համարում նաև ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության խնդիրը: Առաջարկվում է քննարկել ժամանակավորապես արտերկրում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու հնարավորություն ընձեռելու տարբերակը, որպես կամքի ազատ արտահայտման իրավունքի իրացում:
Բացի այդ, քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկության մատչելիության դրույթը կանոնակարգման և եզրույթների հստակեցման կարիք ունի ՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար:
Կ. Անդրեասյանը մատնանշել է նաև համայնքի ղեկավարի ընտրության կարգում առկա հակասությունը` միաթեկնածու ընտրության կայացման հնարավորության, իսկ մեկ այլ կետով դրա բացառման տեսքով: Առաջարկություններ կան նաև ընտրական ցուցակներում կանանց ներկայացվածության կարգերի վերաբերյալ և այլն:
Բոլոր առաջարկություններին և դիտողություններին` մանրամասն հիմնավորումներով, կարելի է ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում: