Հայաստանում վարորդական իրավունքի տրամադրումը համարվում է կոռումպացված ոլորտներից մեկը։ Մեր փողոցներում տեղի ունեցող վթարների զգալի մասն իրականում վարորդի ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանք է, շատ հաճախ՝ երթեւեկության տարրական կանոնների չիմացության։
Պարտադիր ավտոապահովագրության ներմուծումից հետո ապահովագրական ընկերություններից շատերը ավելի ու ավելի համառորեն ձգտում են հասնել նրան, որպեսզի վարորդական իրավունքի տրամադրումը խստացվի։
Վարորդական իրավունքի տրամադրման գործող ընթացակարգերը եւ կարգերը մեծապես հիմնված են խորհրդային կարգերի վրա։ Դրանք ունեն եւ առավելություն, եւ թերություն։ Առավելությունն այն է, որ վարորդական իրավունքի տրամադրումը գոնե նորմատիվային մակարդակով բավական խստացված է։ Եթե օրենքը եւ կարգերը 100 տոկոսով պահպանվեն, ապա Հայաստանում կվերանան անտեղյակ վարորդները, իսկ վթարները կպակասեն մի քանի անգամ։
Հարցումները վարորդների շրջանում հաստատում են այն լուրերը, որ համակարգում առկա են կոռուպցիոն ռիսկեր։ Սակայն մեր քաղաքացիները վստահեցնում են, որ առանց կաշառքի կարելի է վարորդական իրավունք ստանալ։ Կաշառք առավելապես տալիս են նրանք, որոնք ինչ-ինչ պատճառներով շտապում են, կամ չեն կարողանում անգամ ուսուցումից հետո նորմալ վարել մեքենան։
Դեռեւս 2007 թվականին վարորդական իրավունքի տրամադրման գործընթացում կատարվեցին որոշ բարեփոխումներ։ Նախ՝ ուսուցումը կազմակերպող ավտոդպրոցները հանվեցին ճանապարհային ոստիկանության ենթակայությունից եւ տեղափոխվեցին լիցենզավորված գործունեության դաշտ։ Նրանք նաեւ իրավունք ստացան ինքնուրույն սահմանելու ուսման գներն ու ժամկետները։ Արգելվեց վարորդական իրավունքի ստացումը՝ առանց ուսուցման դասընթացներ անցնելու։ Սա, բնականաբար, առաջացրեց մրցակցություն, բարձրացավ ուսուցման որակը։
Մեր հարցումները ցույց տվեցին, որ ավտոդպրոցների գները կարող են էապես իրարից տարբերվել։ Այսպես՝ «Ակունք» ավտոդպրոցը տեսական պարապմունքների համար սահմանել է 40 հազ. դրամ վարձավճար, եւս 45 հազ. դրամ՝ գործնական պարապմունքների համար։ Այնտեղից զգուշացնում են նաեւ, որ դասընթացներն ավարտելուց հետո հարկավոր է 28 հազ. դրամ պետտուրք վճարել՝ քննությանը մասնակցելու համար։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 անգամ։
«Մոբիլ Սթարթ» ավտոդպրոցից պատասխանեցին, որ պետք է 187 հազ. դրամ վճարել, որն իր մեջ ներառում է ոչ միայն ուսումը, այլեւ քննության հանձնումը եւ վկայականի ստացումը։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 3 անգամ եւ տեւում մոտ 1,5 ամիս։
Համեմատաբար էժան գներ է առաջարկում հայտնի ԴՈՍԱՖ-ը՝ 20 հազ. դրամ տեսական պարապմունքների համար, եւ 4000 դրամ՝ գործնական պարապմունքի յուրաքանչյուր ժամի համար։ Սովորաբար՝ մոտ 10 գործնական պարապմունքը բավարար է համարվում։ Սա երեւանցիների շրջանում ամենամեծ մասայականություն վայելող դպրոցն է։
Կոռուպցիոն հիմնական ռիսկերն առաջանում են քննական գործընթացում։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարելի է որոշակի գումարի դիմաց վկայական ստանալ 1 շաբաթում՝ առանց դասընթացների հաճախելու, խոսում է այն մասին, որ ուսուցման կենտրոնները, կամ նրանց մի մասը եւս զերծ չեն կոռուպցիոն ռիսկերից։ Կաշառքի չափն այդ ժամանակ տատանվում է 200-300 հազ. դրամի սահմաններում։
Այս կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար հավանաբար հարկավոր է ընդլայնել քննական հանձնաժողովների կազմը՝ դրանցում ներառելով հ/կ-երի ներկայացուցիչների։
http://news.am