Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 9-ին, այցելեց Երեւանի Երեւանի Ծարավ Աղյուրի 55/5 հասցեում երիտասարդ համալսարականների համար նախատեսված նորակառույց բնակարանային համալիր, շրջայց կատարեց բնակարաններում։
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, երիտասարդ համալսարանականների ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու պետական ծրագիրը, որը մեկնարկել է դեռեւս 2008 թվականին, հնարավորություն կտա նորակառույց բնակարաններով ապահովել 315 երիտասարդ ընտանիքների։ «Ծրագրի սկզբում շատերն այն անիրականանալի էին համարում եւ թերահավատորեն էին վերաբերում դրան։ Սակայն հավատը հաղթանակեց, եւ երիտասարդ շատ ընտանիքներ նոր բնակարաններ ունեցան։ Ծրագիրը շարունակական է, եւ 2013 թվականի փետրվարին նմանօրինակ սոցիալական նշանակության բնակարաններ ստանան 1050 ընտանիքներ։ Այսպիսի բնակարանները շուկայականից էժան են շուրջ 2,5 անգամ»,- ասաց նա։
Այն հարցին, որքա՞ն արժե նորակառույց համալիրի բնակարանների ք/մ –ը, փոխնախարարը նշեց. «Այս համալիրում 1 ք/մ-ն արժե 170 հազար դրամ»։
Ամփոփելով՝ Քարամյանը նշեց, որ երիտասարդ համալսարանականներին բնակարաններով ապահովելու գործընթացը կիրառվելու է նաեւ Կապանում, Իջեւանում եւ Դիլիջանում։
Հանդիսավոր արարողության ավարտին Քարամյանը երեք սենյականոց բնակարանի վկայական եւ բանալիներ հանձնեց ԵՊՀ նախկին ուսանող, զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի եղբորը՝ Վահե Հովհաննիսյանին։
Նշենք, որ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների միավորման նախաձեռնությամբ եւ միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ:
Ծրագրի շահառու են համարվում մինչեւ 35 տարեկան (առանձնահատուկ դեպքերի համար հնարավոր են որոշակի շեղումներ ), ԵՊՀ-ում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ գիտական աստիճան ունեցող, ամուսնացած եւ բնակարանի կարիք ունեցող անձինք: Պայմանագիրը ստորագրելուց հետո շահառուի հիմնական աշխատավայրը 7 տարի անընդմեջ պետք է լինի Երեւանի պետական համալսարանը: Այն խախտելու դեպքում նոր բնակարանատերը ԵՊՀ շրջանավարտների միավորմանը պետք է կնքված պայմանագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով լրավճար կատարի: