Apr 11, 2011

Արմավիրի քաղաքապետի բարեկամներին ծեծելու համար քրեական գործ է հարուցվել

Ապրիլի 8-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի գագաթային մասի սալջարդով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Կամո Խլղաթյանը: Վերջինը հայտնել էր, որ վնասվածքն ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով: Այդ մասին  տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան փողոցում գործող «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Կ. Խլղաթյանին:

Բենզալցակայանում և հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների տեսագրություններն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ հիշյալ օրը, ժամը 18.56-ի սահմաններում, Ջանֆիդա գյուղի բնակիչներ՝ 1984 թ. ծնված Սուրեն Սուքիասյանը, 10-րդ դասարանի աշակերտ Է. Գ.-ն, 1983 թ. ծնված Աշոտ Մանուկյանը, 1984 թ. ծնված Գագիկ Մանուկյանը, 1983 թ. ծնված Արտակ Պապոյանը և դեռևս չպարզված այլ անձինք, ծեծի են ենթարկել Կ. Խլղաթյանին և նրա եղբորը` 1977 թ. ծնված Գոռ Խլղաթյանին:
Ծեծկռտուքի ընթացքում Ս. Սուքիասյանն իր անվամբ գրանցված «Ատմաչա» գազային ատրճանակով երկու անգամ կրակել է:
Ապրիլի 9-ին Արտակ Պապոյանը բերման է ենթարկվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ որոշ տեղեկությունների, Կամո և Գոռ Խլղաթյանները Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբորորդիներն են:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites