Apr 5, 2011

Աշոտյանը երազում է արժանանալ հայտնի նկարիչներից մեկի կողմից դիմանկար ունենալու պատվին

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց Գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակին նվիրված ցուցահանդես: Տարբեր ցուցասրահներում ներկայացված էին բուհի դասախոսների և ուսանողների 200-ից ավելի գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական աշխատանքներ:

Նշենք, որ բուցահանդեսի բացմանը պետք է ներկա գտնվեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով վարչապետը չի կարողացել ցուցահանդեսի բացմանը մասանակցել: Նախարարը վարչապետի անունից փոխանցեց ոչ միայն նրա ջերմ շնորհավորանքները, այլ նաև այն հավաստիացումը, որ ոչ միայն մշակույթը, այլև բարձրագույն կրթության այն հաստատությունները, որոնց օգնությամբ չի մարում մեր ազգի, երկրի ու հոգու բաբախող զարկերակը, ապա այդ բուհերը առանձնահատուկ ուշադրության են արժանանալու պետության կողմից` աջակցության , սատարման և տարաբնույթ ծրագրերի մեջ ընդգրկվածության առումով: «Ակադեմիան մեզ համար ոչ միայն արվեստի և մշակությի օջախ է, այլև արվեստի բուհերից ամենասիրելի, ամենամեծ գորովանք պահանջող և ստացող հաստատություններից մեկը»,- ընդգծեց Ա.Աշոտյանը:

Նախարարը իր խոսքում մեջբերեց հայտնի նկարիչներից մեկի խոսքերը, թե ամեն մի նոր դիմանկար ստեղծելիս մի հին ընկեր է կորցնում. «Ես պետք է հորդորեմ մեր նկարիչներին, որ շարունակեն այնպես կրթեն և արարեն, որ անկախ նրանից `դա դուր կգա կամ դուր չի գա այս կամ այն մարդուն, այդ արվեստը պետք է ճշմարիտ լինի»:

Ա.Աշոտյանը նաև հույս հայտնեց, որ մի օր կարժանանա հայտնի նկարիչներից մեկի կողմից դիմանկար ունենալու պատվին` խոստանալով, որ չի նեղանա` անկախ նրանից, թե ինչ սյուրռեալիստական կամ ոճաբանական լուծումների մեջ այն կլինի:

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի խոսքերով, հայ ժողովրդի կերպարվեստի բուհը Գեղարվեստի ակադեմիան է, որը կարևոր նշանակություն ունեցող մշակութային կրթօջախ է: Դրա ապացույցը այն շրջանավարտներ են, ովքեր այսօր ստեղծագործում են արվեստի աշխարհում, ովքեր մեծ ավանդ են ունեցել հայ մշակույթի ձևավորման գործում:

Ըստ նրա, բուհի ուսանողների 20 տոկոսից ավելին արտասահմանցիներ են, բացի դրանից համագործակցում են աշխարհի հայտնի արվեստի բուհերի հետ: «Գեղարվեստի ակադեմիան ուղղակի վերելքի մեջ է: Եթե մի 15 տարի հետ նայենք, կտեսնենք, որ այն վիճակը, որ մենք ունեինք ուղղակի անհամամատելի է»,- ասաց Ա.Իսաբեկյանը ` հավելելով, որ ակադեմիայի վերելքը համընկել է ՀՀ անկախության տարիների հետ

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites