«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրինագծերի փաթեթ, որի նպատակն է վերստին օրենքով սահմանել կենսաթոշակառու զինծառայողի մահվան դեպքում նրա հուղարկավորությունը կատարած անձին վճարվող թաղման նպաստը:
Ըստ այդմ, առաջարկվում է այդ նպաստը սահմանել կենսաթոշակի 15-ապատիկի չափով, որն օրենքներում կատարված վերջին փոփոխությունների հետեւանքով առնվազն 6 անգամ նվազեցվել էր:
Մինչ 2010 թվականի հոկտեմբերի 5-ն այդ նպաստը կենսաթոշակի 15-ապատիկի չափ էր: Հետագայում նպաստի չափի սահմանումը վերապահվեց Կառավարությանը, որն է իր 2010թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ` վերոնշյալ նպաստի չափ սահմանեց 200 հազար դրամը:
Օրենքում ներառվեց նաեւ դրույթ, ըստ որի, «թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից»:
Սակայն, ըստ «Ժառանգություն» խմբակցության, Կառավարությունը, հաշվի չառնելով վերոնշյալ հանգամանքները, այդ թվում նպաստը նվազեցնելու արգելքը, 2010թ. հոկտեմբերի 21-ի իր որոշմամբ, մի քանի անգամ նվազեցրել է նախկինում օրենքով սահմանված գումարի չափը:
«Արդյունքում ստացվում է, որ մեր պետականության կայացման հարցում մեծ ավանդ ունեցող զինծառայողների համար Կառավարությունը ոչ միայն արժանավայել կյանք, այլեւ արժանապատիվ թաղում չի կարողանում ապահովել: Ուստի, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնության նպատակը մեր երկրի պաշտպանների մահից հետո նրանց ընտանիքների նվազագույն պաշտպանվածության երաշխավորումն է իբրեւ պետության տարրական պարտքի դրսեւորում»,- ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ: