Apr 14, 2011

Ոչ ոք չի՞ համարձակվում զբաղեցնել Քյալյանի տեղը

Հայաստանյան բուհերի ռեկտորների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է, իսկ ԿԳՆ-ն դիմումներ է ստացել կա’մ միայն ռեկտորների ներկայիս պաշտոնակատարներից կա’մ ընդհանրապես որեւէ դիմում չի եղել:

Մասնավորապես, «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար, որը տեղի կունենա ապրիլի 29-ին, դիմել է միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, հավելելով, որ դիմումների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 18-ն է:

«Գավառի պետական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել է միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Ռուզան Հակոբյանը (մրցույթը տեղի կունենա մայիսի 4-ին):

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտոր դառնալու ցանկություն է հայտնել միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Կորյուն Աթոյանը (դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, իսկ մրցույթը տեղի կունենա ապրիլի 26-ին):

Իսկ ահա «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դեռ ոչ մի դիմում չի ստացվել, թեեւ վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնի համար մրցույթը կկայանա ապրիլի 30-ին:

ԿԳՆ-ում հույս ունեն, որ մինչ վաղը դիմումներ կներկայացվեն, իսկ եթե չներկայացվեն, ապա նոր մրցույթ կհայտարարվի:

Դիմումներ չեն ստացվել նաեւ «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի» ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար (դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է):

Նշենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ավելի վաղ աշխատանքից ազատել էր Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանին, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին եւ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Հրանտ Հակոբյանին:

Աշոտյանի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ բուհերի ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել` Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում` Կորյուն Աթոյանը, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` Դերենիկ Դումանյանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Արմեն Մազմանյանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում` Հովհաննես Թոքմաջյանը, Գավառի պետական համալսարանում` Ռուզան Հակոբյանը:

Ինչպես հայտնեցին ԿԳՆ-ից, ռեկտորներին ընտրելու են տվյալ համալսարանի խորհուրդները, որտեղ ընդգրկված են նաեւ ԿԳՆ-ի ներկայացուցիչները:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites