ՄԱԿ-ի առավել թույլ զարգացած երկրների 4-րդ համաժողովի խորհրդարանական համաժողովին մասնակցելու համար Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահից հրավեր ստացել է:
Այդ մասին տեղեկացրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
«Ազգային ժողովի նախագահը հրավեր ստացել է, բայց նպատակահարմար չի գտնում մեկնել Թուրքիա և մասնակցել ֆորումի աշխատանքներին»,- տեղեկացրեց Գոհար Պողոսյանը: Նրա խոսքով, Հայաստանի խորհրդարանից ընդհանրապես ներկայացուցիչ չի լինելու համաժողովում:
ՄԱԿ-ի ի թույլ զարգացած երկրների չորրորդ խորհրդաժողովը կայանալու է Ստամբուլում մայիսի 9-13-ը, որտեղ սպասվում է, որ ներկա կլինեն աշխարհի շուրջ 60 առաջնորդներ: Իսկ նույն խորհրդաժողովի շրջանակներում անցկացվող խորհրդարանական համաժողովը տեղի է ունենալու մայիսի 8-ին: