Հայ ազգային կոնգրեսն իր մարտի 17-ի հանրահավաքից հետո երկխոսություն է սկսել իշխանությունների հետ, այնինչ նույն բանի համար պիտակավորում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 11-ին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ իշխանությունը մասամբ կատարել է ՀԱԿ-ի`մարտի 17-ի հանրահավաքում առաջ քաշած պահանջներից երկուսը` քաղբանտարկյալների ազատ արձակում եւ Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման թույլտվություն: Իսկ երրորդ պահանջը` 2008թ. մարտի 1-ի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին գործնական երաշխիքներ տալը, ըստ Հակոբյանի, թեեւ մի քիչ լուրջ է, սակայն դա էլ կիրականացվի:
«Ժառանգության» փոխնախագահի խոսքով` մարտի 1-ի գործով պատասխանատվության պետք է ենթարկվեն ներքին գործերի համակարգի «միջինից մի քիչ բարձր պաշտոնյաներ», ինչպես նաեւ օլիգարխների անվտանգության աշխատակիցները, քանի որ նրանք եւս, ըստ որոշ փաստերի, մասնակցություն են ունեցել մարտի 1-ի սպանդին: «Բայց մի բան հստակ է, որ թե´ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե´ Սերժ Սարգսյանը, կշրջանցեն մարտի 1-ի պատասխանատվությունը»,-հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահը:
Նրա խոսքով` ՀԱԿ-ն իրենց ոչինչ չներկայացնող քաղաքական ուժ է, որը դարձել է ընդդիմադիր դաշտի համախմբման խոչընդոտը: Ըստ Հակոբյանի, իր գոյության երեք տարիների ընթացքում ՀԱԿ-ն` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, անընդհատ հայտարարում էր, թե «տականք», «դավաճան» են նրանք, ովքեր համագործակցում են իշխանությունների հետ, իսկ իշխանությունների հասցեին թույլ էր տալիս ամենավերջին խոսքերը:
Ռ. Հակոբյանն առաջարկեց, որպեսզի Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանից` նրան «դավաճան», «ԱԽՔ» անվանելու համար: Նա նշեց, որ Բաղդասարյանը 2008 թվականի ընտրություններից հետո, անթաքույց եւ բացեիբաց գնաց իշխանությունների հետ համագործակցության` խուսափելով մարտի 1-ի 10 զոհերից: Սակայն ՀԱԿ-ը միայն երեք տարի անց, 10 զոհերի գնով որոշեց համագործակցել իշխանությունների հետ: «Սա առնվազն անբարոյականություն է»,-հայտարարեց Հակոբյանը: