Apr 14, 2011

Ծառերի փոխարեն ատամնաբուժարան

«Էկոլուրը» տեղեկացնում է, Երեւանում Դավիթաշենի առաջին թաղամասում կրկին ծառեր են կտրատել՝ ինչ-որ շինություն կառուցելու համար։

Դեռ 15 տարի առաջ Տիգրան Պետրոսյան փողոցի 51/5 հասցեում տեղի բնակիչները պտղատու այգի են հիմնել, որ դարձել է հանգստի սիրելի վայր: Սակայն 2010թ. հուլիսից ինչ-որ մարդիկ սկսել են կտրել այգու ծառերը: Այժմ այգու փոխարեն բետոնե շինություն է վեր խոյանում: Ըստ բնակիչների` այգու տարածքը սեփականացրել է ոմն Արմեն Հարությունյան, ով այգու տարածքում ատամնաբուժարան է կառուցում:

Դավիթաշենի առաջին թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 51-52 շենքերի բնակիչները դիմել են քաղաքապետին՝ պահանջելով կրկին կանաչապատել տարածքը։ Սակայն օրերս քաղաքապետարանից պատասխանել են, որ օբյեկտը կառուցվում է քաղաքաշինական նորմերին համապատասխան, իսկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը բնակիչներին խոստացել է քննարկել տարածքի կանաչապատման հարցը։

Նշենք, որ սկսված շինարարության ժամանակ կառուցապատողները վնասել են 52 շենքի անձրեւատարը եւ բնակիչները մտավախություն ունեն, որ ջուրը կարող լցվել շենքի հիմքի տակ եւ շենքը վթարային վիճակի հասցնել: Այդ կապակցությամբ Երեւանի քաղաքապետն իր նամակում ասել է. «Միաժամանակ նշում ենք` թիվ 52 շենքի անձրեւատարը վնասվել է կառուցապատողի կողմից, ինչի արդյունքում մոտ 25 գծմ խողովակ ապամոնտաժվել է: Այդ կապակցությամբ հանձնարարվել է կառուցապատողին` կառուցել շենքը շրջանցող գիծ` միացնելով Տ. Պետրոսյան փողոցով անցնող կենտրոնական անձրեւատարին»:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites