Apr 4, 2011

Լուր-Մեկնաբանություն. Չեն ուզում նախարար դառնալ …


Վերջերս մամուլում  տեղեկություն էր տարածվել, ըստ որի իշխանական վերնախավում քննարկվում է  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին պաշտոնանկ անելու ծրագիրը: Ավելին, նույն հրապարակման մեջ նշվում էր, որ Հրանուշ Հակոբյանին փոխարինելու է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը, իսկ Հասմիկ Պողոսյանին` ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը  (ինչպես  տեղեկացնում  էր  news.am-ը): 

Այս հրապարակումը արդեն որոշակի արձագանք է ստացել. Մասնավորապես, Կարինե Աճեմյանը արդեն հայտարարել է, որ ինքը «իրեն պատգամավոր շատ լավ է զգում»: Իսկ Հեղինե Բիշարյանի` նախարար նշանակելու մասին լուրերը հերքել է ՕԵԿ-ի մամլո քարտուղարը:

Դեռևս վաղ է այս մասին ենթադրություններ անելը. ամեն ինչ ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, դատելով այս արձագանքներից, չի բացառցվում, որ այս ամենը  պարզապես իշխանական վերնախավի հերթական հնարքն է` ստիպելու երկու կին նախարարներին ավելի արդյունավետ աշխատելու: Այսինքն, իրականացվել է կանխամտածվաց տեղեկատվական արտահոսք` համապատասխան արդյունք ստանալու ակնկնալիքով: Ամեն դեպքում, երկու նախարարներն էլ դեռևս որևէ կերպ չեն արձագանքնել այս լուրերին,  բայց, բնականաբար, երկուսն էլ տեղյակ են այս շրջանառվող լուրերին:

 Սակայն, մյուս կողմից պետք է ընդգծել, որ երկու նախարարներին էլ պաշտոնանկ անելու մասին լուրերը ունեն հստակ քաղաքական տրամաբանություն: Եթե Սփյուռքի նախարարի դեպքում ամեն ինչ բխում է այս նախարարության վերջին «թերություններից» («աստղագետ» Արթուր Պողոսյանի հետ կապված սկանդալը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի վերջին բացահայտումները), ապա Մշակույթի նախարարությունը ՕԵԿ-ին տալու մասին լուրերը ունեն հստակ նախընտրական քաղաքական ենթատեքստ, այսինքն, ընտրություններից առաջ ՕԵԿ-ի դերը կոալիցիայում մեծացնելու, ՕԵԿ-ի վարչական ռեսուրսը ավելացնելու միտում:

Այնպես որ, նման դատողությունների շրջանակներում  այս պաշտոնանկությունների մասին լուրերը ունեն միանգամայն հասկանալի պատճառներ և ամենևին էլ  անսպասելի և զարմանալի չեն:


Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites