Հայաստանում ոռոգման նպատակով օգտագործվող ջրի տարեկան կորուստը կազմում է 70 տոկոս: Դրանք հիմնականում պայմանավորված են ջրանցքների ու ջրատարների մաշվածությամբ, քանի որ ողջ ենթակառուցվածքը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին ու լուրջ ներդրումների կարիք ունի:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը` հավելելով, որ ջրակորուստների նվազեցման ուղղությամբ ներկայումս համապատասխան աշխատանքներ են իրականացվում։
Ըստ Ա.Ղազարյանի, ջրօգտագործող ընկերություններն արդեն պատրաստ են ոռոգման սեզոնի մեկնարկին. ոլորտի նախապատրաստական աշխատանքների 90 տոկոսն արդեն կատարվել է՝ վերանորոգվել են պոմպակայանները, մաքրվել են ներտնտեսային ցանցերը։ Նշվեց նաև, որ Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի մատակարարումն արդեն սկսվել է։
Ինչ վերաբերում է ոռոգման ջրի սակագնին, ապա Ա.Ղազարյանը տեղեկացրեց, որ սակագինն այս տարի ևս չի փոխվելու. ոռոգման ջուրը գյուղացիներին կտրվի ավելի ցածր գնով` 1 խմ-ի համար 11 դրամ: Ընդ որում` ոռոգման ջրի ինքնարժեքը 18 դրամ է` կառավարությունն ամեն տարի մոտ 4 մլրդ դրամից ավելի սուբսիդիա է հատկացնում ջրօգտագործող տնտեսություններին:
Նա միաժամանակ նշեց, որ այսօր ոռոգման ջրի ինքնարժեքն ավելի թանկ է, քան վճարում է գյուղացին. ինքնարժեքի ձևավորման վրա էլեկտրաէներգիայի ծախսը էականորեն ազդում է: ՋՕԸ-երի կողմից տարեկան միայն 3,5-4 մլրդ դրամ վճարվում է ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց։ Բացի այդ, մեծ թիվ են կազմում ՋՕԸ-երի աշխատակիցների աշխատավարձերը, վճարվող հարկերն ու տուրքերը և այլն: «Պետությունն ինքը ջուրը ձրի է տալիս։ Բայց այդ ջուրը ջրամբարից մինչև հասնի գյուղացուն դա բավականին մեծ ծախսերի հետ է կապված»,- նշեց Ա.Ղազարյանը:
Ըստ նրա, համակարգը պահպանելու համար տարեկան 8,5-9 մլրդ դրամ է հարկավոր։ Սակայն գյուղացուն մատակարարված ջրի դիմաց տարեկան հավաքագրվում է առավելագույնը 3,5 մլրդ դրամ։ Մնացածը սուբսիդավորում է պետությունը, ինչի հաշվին էլ ոռոգման ջրի սակագնի բարձրացում վերջին տարիներին չի արձանագրվում։
Նշվեց նաև, որ համակարգի պահպանման և վերանորոգման աշխատանքների իրականացման համար տարեկան 1,5 մլրդ դրամ լրացուցիչ գումար է պետությունը հատկացնում։