Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.
-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով և շնորհավորում կանանց` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Աստվածածնի նման խոնարհությամբ, առ Աստված հավատարմությամբ կանայք պիտի արդյունազարդեն իրենց բացառիկ առաքելությունը` նոր սերունդ դաստիարակելու, ընտանեկան օրհնյալ հարկը սիրով և հոգատարությամբ զորացնելու, նաև ազգային-եկեղեցական մեր կյանքում իրենց կոչումը բարի գործունեությամբ արդյունավորելու: Ճշմարիտ գեղեցկությունը առաքինազարդ հոգում է կանանց ու մայրերի, ովքեր հավատքով և մարդկանց հանդեպ սիրով լեցուն օրհնյալ արգասիքներ են բերում ազգային մեր անդաստանում: Թող Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ Տերն օրհնի բոլոր կանանց և մայրերին, շնորհի արևշատություն, երկնապարգև երջանկություն և պահի ու պահպանի Ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:
Apr 7, 2011
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
3:44 PM
Նորություններ Հայաստանից