Հայաստանում մինչեւ սեպտեմբեր նախատեսվում է կազմակերպել «Միջուկային եւ/կամ ճառագայթաակտիվ (ռադիացիոն) վթարների հետ կապված արտակարգ իրավիճակների կառավարման օրենսդրական հիմքեր» անվամբ կոնֆերանս։
Միջոցառումը համատեղ կազմակերպում են ԱՄՆ Էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչակազմը եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Այս մասին ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Միջազգային համագործակցության եւ ծրագրերի բաժնի վարիչ Մարիա Մանգասարովան։ Նրա խոսքով՝ միջոցառման ֆինանսավարումը կիրականացնի ամերիկյան կողմը, իսկ կազմակերպչական հարցերով կզբաղվեն հայերը։
Կոնֆերանսի ընթացքում կմշակվի անհրաժեշտ փաստաթղթային փաթեթ, որը կարող է հիմք ծառայել օրենսդրական որոշակի մշակումների համար եւ երաշխիք հանդիսանալ շահագործող անձանց համար։
Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, ԱՊՀ տարբեր երկրներից եւ Մերձբալթիկայից՝ Մոլդովա, Վրաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Լատվիա, Լիտվա, Ուկրաինա։
Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն Արտակարգ իրավիճակների նախարարության, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Մեծամորի ատոմակայանի եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։