Apr 5, 2011

Նամակ քաղաքապետին` «Ժառանգություն»-ից

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետին` Երևանի Ավան վարչական շրջանում կանաչապատ տարածքի վրա շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգի առնչությամբ:
Այս մասին հայտնում են «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից:

Նամակում մասնավորապես ասված է. «Երևանում կանաչ տարածքների պահպանման մասին Ձեր բոլոր ելույթները ողջունելի են: Սակայն, լրատվամիջոցներով հրապարակված երկու բաց նամակից տեղեկացել եմ, որ Երևանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում` մայթի և փոստի շենքի միջև եղած կանաչ տարածքում սկսվել է շինարարություն, որի թույլտվության հրամանը` Հ.01/18-Վ-107-105, Դուք տվել եք:
2011 թվականի ապրիլի 4-ին, ժամը 11.30-12.00 անձամբ այցելել եմ վերոնշյալ տարածք, որտեղ լայն թափով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Ակնհայտ էր, որ շինհրապարակի վերածված տարածքը եղել է կանաչ գոտի` գազոն, ինչի մասին վկայում է սևահողի առկայությունը»,-ասված է նամակում:
Հղում անելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը խնդրել է նաև 10-օրյա ժամկետում տրամադրել հետևալ տեղեկությունները.

1. Վերոնշյալ հասցեի համար շինարարության թույլտվության հիմքերը,
2. Քաղաքի կամ համայնքի ճարտարապետական փորձաքննության արդյունքները,
3. Ո՞ւմ է պատկանում այդ հողակտորը,
4. Դուք անձամբ այցելե՞լ եք այդ տարածք:
5. Ինչպե՞ս կբացատարեք Ձեր խոսքի ու գործի միջև եղած այս տարբերությունը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites