Apr 5, 2011

Ընդդիմադիր գործիչ. «Ժառանգություն» կուսակցությունում պտտվում է Ռոբերտ Քոչարյանի ուրվականը

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի՝ Facebook սոցիալական ցանցում տարածած այն հաղորդագրությունը, թե 2008 թվականի մարտի 1-ին ինքը եւ մի շարք այլ պատգամավորներ գնացել են Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն եւ խնդրել են նրան գնալ Մյասիկյանի արձանի մոտ, իսկ վերջինս էլ պատասխանել է, թե այնտեղ իր ժողովուրդը չի հավաքվել, ամբողջությամբ սուտ է։

Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։

«Նախ, եթե Ստեփան Սաֆարյանն այս մասին սկսել է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմից հետո, արդեն պարզ է, թե նա քաղաքական ինչ պատվեր է կատարում։ Իհարկե նա սուտ է ասում։ Ես տեղեկացված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին սկզբում թույլ են տվել իր տանից դուրս գալ, իսկ հետո արգելել են, բայց նա պատրաստակամություն է հայտնել առանց թիկնազորի դուրս գալու, սակայն վարչախումբը նրան կրկին նման բան թույլ չի տվել»,- նշեց Մակեյանը՝ ավելացնելով,որ մյուս մանրամասները կարող է պատմել միայն ՀԱԿ առաջնորդը։

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության գործունեությանը՝ Մակեյանը տեսակետ հայտնեց, որ «Ռոբերտ Քոչարյանի ուրվականը պտտվում է այդ կուսակցության մեջ»։ «Սա համոզմունք է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը մի դաշտում կապիտուլյացիայի ենթարկվեց, բայց այստեղ սկսում է կրակ բորբոքել»,- ասաց նա։

Հարցին, թե ո՞ր դաշտը հատկապես նկատի ուներ, Մակեյանը նշեց. «Հայտնի է՝ քաղաքական կոալիցիայում, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կոչվածին պարտադրեցին ստորագրի վերջնագիրը» (ամենայն հավանականությամբ նկատի ունի կոալիցիոն վերջին հուշագիրը-խմբ.):

«Բացի այդ, «Ժառանգությունն» անընդհատ ծանր քարի նման իր հետեւից քարշ է տալիս ՀՅԴ-ին։ Իսկ ՀՅԴ-ն, համոզված եմ, մեծ հաշվով ղեկավարվում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից»,- նշեց Մակեյանը։

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել, որում հայտարարել է, որ 2008 թվականի մարտի 1-ին առանձնազրույց է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ ի պատասխան նրան արված առաջարկին՝ գնալ Մյասիկյանի արձանի մոտ, Հայաստանի առաջին նախագահը պատասխանել է՝ «այնտեղ իր ժողովուրդը չի հավաքվել»։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites