Apr 11, 2011

Թուրքագետ. Թուրքիան փորձում է երկխոսության պատրանք ստեղծել

Թուրքիան այժմ փորձում է Հայոց Ցեղասպանության հարցի շուրջ քննարկումների և Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ երկխոսության պատրանք ստեղծել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը, մեկնաբանելով, որ դա արվում է ապրիլի 24-ին տարբեր տերությունների ու մասնավորապես ԱՄՆ-ի կողմից հնարավոր հետևանքները կանխելու համար:

Ըստ բանախոսի, իրականում պաշտոնական Անկարայի որդեգրած քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության հարցի ու Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ չի փոխվել, ուղղակի մարտավարական քայլեր է այն ձեռնարկում, որպեսզի միջամտող երկրներին նախատի, թե ինքը կարող է կարգավորել իր ներքին հարցերը: «Նույն ուղեգիծը պաշտոնական Անկարան շարունակում է»,-ասաց նա, միաժամանակ նկատելով, որ Ցեղասպանության փաստն ընդունող մտավորականներ կան Թուրքիայում, սակայն նրանք քիչ են ու հասարակական կարծիքի ձևավորվաման վրա չեն ազդում:

Թուրքագետը նաև կանխատեսեց, որ այս տարի էլ ապրիլի 24-ին ակցիաներ նվիրված Եղեռնին կլինեն, սակայն դրանք կտեղավորվեն թուրքական իշխանությունների գծած սահմաններում:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին ու դրան հետևած խոսակցություններին, թե դրանց պատճառով Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները վատացել են, միմյանց նկատմամբ ունեցած վստահությունն էլ պակասել, թուրքագետն ասաց, որ ամբողջ այդ ընթացքում երկու երկրների միջև ռազմական սերտ համագործակցությունն ինտեսիվորեն զարգացել է, իսկ անցած տարվա օգոստոսին էլ երկու երկրների միջև ստորագրված ռազմական փոխգործակցության մասին փաստաթղթի ստորագրումը փաստեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական դաշնակիցներ են:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites