Apr 14, 2011

Եվրոպական ամբիոնից Էրդողանը սպառնացել է արտաքսել հայերին Թուրքիայից

Նախօրեին Ստրասբուրգում գտնված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում: Թուրքական «Hurriyet» պարբերականի տեղեկացմամբ` վարչապետ Էրդողանը բավականին կոշտ ու կտրուկ է արձագանքել եվրախորհրդարանակնների հարցերի տարափին: Հայկական թեմային առնչվող հետևյալ հարցին Թուրքիայի կառավարության ղեկավարը կրկին պատասխանել է «սուլթանական» բառապաշարով:

Հարց
- Թուրքիան Հայաստանի հետ ստորագրեց արձանագրություններ: Ո՞րն էր Ձեր այդ ստորագրության իմաստը: Եթե սահմանների բացումն իսկապես կապում եք ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ, ապա ի՞նչ օգտակարություն ունեն արձանագրությունները: Մի՞թե սահման չբացելը Ձեզ չի տանում դեպի հակամարտության կողմերից մեկը: Ինչպե՞ս կմեկնաբանեք ժողովուրդների միջև բարեկամություն խորհրդանշող որոշ հուշակոթողների ապամոնտաժումը Կարսում:

Պատասխան
- Սահմանի փակ պահելու կամ բացելու հարցում Հայաստանի ժողովրդի իրավունքի պահպանության խնդրից զատ մենք էլ մեր պարտականություններն ունենք: Այն է` Ադրբեջանի եղբայրական ժողովրդի իրավունքը չենք կարող զոհաբերել Հայաստանին: Ահա այսչափ պարզ եմ խոսում: Արձանագրություններում, ըստ էության, սա էր նպատակադրված: Նախապես այս քայլերի կատարումն էր անհրաժեշտ, որոնց դեպքում, անշուշտ, պատրաստ ենք սահմանները բացել: Այդ նպատակով մենք Մինսկի եռյակին մշտապես ակտիվության ենք կոչում, որ հիմնախնդրի լուծման գործում կատարվեն քայլեր, առանց որոնց, իհարկե, կարգավորման գործընթացը դժվարանում է:
Այժմ իմ երկրում Թուրքիայի քաղաքացի հանդիսացող մոտ 70.000 հայ է ապրում: Բայց նրանց կողքին կա քաղաքացիություն չունեցող ևս 40.000 հայ կա: Մենք նրանց մեր երկրից չենք վերադարձնում Հայաստան: Պահում ենք մեզ մոտ: Եթե ուզենք, կարող ենք հետ ուղարկել: Ինչո՞ւ, որովհետև չքավորության պատճառով են մեր երկիր եկել: Գուցե այդ մասին չգիտեք, ուզում եմ` իմանաք:
Արձանագրություններ կազմելիս մենք նախատեսում էինք գտնել մի շարք հարցերի լուծում: Ինքս էլ եմ մասնակցել բանակցությունների որոշակի հատվածին և տեսել եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ հարցում շատ լուրջ կաշկանդվածություն ունեն սփյուռքի առաջ: Իսկ մենք նման խնդիր չունենք: Եթե Հայաստանի իշխանությունները սփյուռքի նկատմամբ ունեցած այդ կաշկանդվածությունը կարողանան մի կողմ դնել, կարծում եմ այդ դեպքում կարգավորման գործընթացն առավել հեշտ կլինի, լուծումներն ավելի արագ կհասունանան, սահմաններն իսկույն կբացվեն: Թեկուզ չլինի էլ այդպես, մենք Հայաստանի դեմ քենի և ատելության ոչ մի զգացողություն չունենք: Սա ուզում եմ հիշեցնել ձեզ:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites