Շուտով հայկական գաղութներում շրջագայությունից վերադառնալու է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բայց այստեղ նրան փաստորեն նոր, և ըստ էության, ոչ հաճելի անակնկալներ են սպասվում: Խնդիրը նրանում է, որ մի պահ մամուլում հայտնվեց Թամարա Պողոսյանի և Հրանուշ Հակոբյանի մասին մի հրապարակում, ըստ որի սույն տիկնայք հանդիսանալով “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամի համապատասխանաբար գործադիր տնօրենն ու նախագահը, շատ լարված հարաբերությունների մեջ են և ընդհանրապես չեն շփվում իրար հետ, իսկ Թամարա Պողոսյանը նույնիսկ բողոք էր ներկայացրել ընդդեմ Հրանուշ Հակոբյանի:
Հետագայում աղմուկը դադարեց և կարծես բոլորը մոռացան դրա մասին: Բայց ըստ այսօրվա հրապարակաման, պարզվում է, Թամարա Պողոսյանի բողոքը բավականին լուրջ ընթացք է ստացել: Մասնավորապես, Գլխավոր դատախազությունը Թամար Պողոսյանի բողոքը, որպես վարչական իրավախախտումների վարույթ, ուղարկել է արդարադատության նախարարություն՝ որպես օրենքով սահմանված կարգով հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմին: Միաժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից մարտի 24-ին ընթացք է տրվել Թամարա Պողոսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված գրությանը, որի հիման վրա վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում նշված գրության մեջ ներկայացված փաստերի վերաբերյալ, որոնց պատճառով արդեն 3 ամիս է՝ խաթարվել է հիմնադրամի բնականոն գործունեությունը:
Փաստորեն, ինչպես երևում է, արտերկրից վերադարձող “Մեկ ազգ, մեկ մշակույթ” հիմնադրամի նախագահ Հրանուշ Հակոբյանին բավականին տհաճ անակնկալներ են սպասվում: Այս գործըթնացը, բնականաբար, ունենալու է բավականին հետաքրքիր զարգացումներ, որոնք ընթացքում համեմվելու են երկու տիկնանց` միմյանց հասցեին արվող սուր որակավոումներով և մեկնաբանություներով, ինչը, անշուշտ, մանրամասն արտացոլվելու է մամուլում: Փաստորեն, սպասվում է բավականին թեժ և անզիջում պայքար, որը, սակայն, որոշ թարմություն կմտցնի անընդհատ նույն թեմաներից հոգնած լրատվական դաշտում: