«Եթե մի երկրի մշակույթի նախարարը լինի Հասմիկ Պողոսյանը, իսկ կրթության եւ գիտության նախարարը... անունը միշտ մոռանում եմ, ժողովուրդ կարծեմ նրան «Ֆանտոմաս» է ասում, ապա մեր երկրում մշակույթի եւ գիտության վիճակն այս կլինի»,- այսօր` ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը։
Նրա խոսքով, մեր երկիրը վերջին տարիներին վերածվել է «ֆեոդալական գարշելի զուգարանի», այնինչ եթե կենդանի լինեին Մոնթեն եւ հայ ազգի մյուս արժանավոր զավակները, ապա նրանք կպայքարեին արատավոր մի շարք երեւույթների դեմ, ինչպես այսօր՝ «Սարդարապատ» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։
«Մեր երեխաներն այդ ժամանակ կներշնչվեին մեր հերոսներով, հայրենասիրության մասին խոսել պետք չէր լինի, ուղղակի անհրաժեշտ կլիներ կախել հերոսների նկարները եւ դա լիովին բավարար կլիներ։ Մոնթեն ու մյուս տղաներն էին իսկական մտավորականները, ոչ թե նրանք, ովքեր այսօր իրենց մտավորական են հորջորջում»,- նշեց Հախվերդյանը։
Ասուլիսին ներկա երգիչ-երգահան Դավիթ Ամալյանն իր հերթին ավելացրեց. «Եթե, Աստված մի արասցե, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի տեղը լինեի, կսահմանեի ոչ թե այն, թե ինչպես երգիչները երգեն՝ մինուսով, թե պլյուսով, այլ թե ինչ երգեն»։ Նշենք, որ եւ Դավիթ Ամալյանը, եւ Ռուբեն Հախվերդյանը մշտապես հանդես են եկել կենդանի ձայնով:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի որոշմամբ, հայ երգիչները պետք է երգեն բացառապես կենդանի ձայնով՝ հրաժարվելով բոլոր տեսակի ֆոնոգրամաներից:
http://news.am