Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի հացադուլից հետո ՀԱԿ-Ժառանգություն հակամարտությունը նոր փուլ է թևակոխել: Հիմա էլ բանը հասել է նրան, որ կրկին վերհիշել են մարտի 1-ի դեպքերը և այն դարձրել շահարկումների առարկա:
Եվ այսպես, Ստյոպա Սաֆարյանը հայտարարել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր գնալ և տուն ուղարկեր Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովրդին, բայց չի գնացել, հայտարարելով, որ «դա իր ժողովուրդը չէ»: Միաժամանակ հայտարարել էր, որ Լևոն Տե-Պետրոսյանի տանը տեսել էր Լևոն Զուրաբյանին և այլն:
Հիմա էլ Լևոն Զուրաբյանն է հակադարձել սրան, ասելով, որ ինքը նշված ժամին չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը, և Ստյոպա Սաֆարյանը ստում է բարոն Մյունհաուզենի նման, ասելով, որ իրեն այնտեղ տեսել է և այլն: Ինչ խոսք, մանրամասները այնքան ճղճիմ են, որ չարժե դրանք նույնիսկ մեջբերել:
Հստակ է մի բան, որ ընդդիմության դաշտում, ի տարբերություն իշխանության, նախընտրական պայքարն արդեն սկսել է և սկսել է բավականին անթաքույց ձևով, վիրավորանքներով, զրպարտանքներով և այլ կարգի մեղադրանքներով: Եվ եթե իշխանական դաշտում հակամարտությունը ենթադրում է պայքար` ունեցած ռեսուրսները պահպանելու և ավելացնելու համար, ապա ընդդիմադիր դաշտում պայքարը ծավալվում է միմյայն հասարակության դժգոհ խավերում մեկը մյուսից ընտրազանգված փախցնելու, այլ կերպ ասած` «ձայն խլելու» համար: Եվ ածականներն ու մակդիրները, որ օգտագործվում են այդ պայքարում` ամենևին պատիվ չեն բերում ոչ մեկ, ոչ մյուս կողմին:
Այնինչ, նման անթաքույց հակամարտությամբ արդեն սկսվել է ընդդիմության ինքնահոշոտման փուլը, որը մինչև 2012թ. ընտրությունները կարող է վերջնականպես սպառել երկու կողմերին: Սա, թերևս, հասկացել են նաև իրենք, հակամարտող կողմերը, բայց չեն կարողանում դրա «դիմացն առնել», քանի որ մի կողմից հնչող վիրավորանքը անպայման ստիպում է մյուս կողմին արձագանքել, և, այսպիսով, անկախ իրենց կամքից, կողմերը շարունակում են հակամարտել, սևացնելով մեկը մյուսին:
Apr 6, 2011
Լուր-Մեկնաբանություն. ՀԱԿ-ի ու Ժառանգության հակամարտությունը նոր փուլ է մտնում…
2:25 PM
Նորություններ Հայաստանից