Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում պատասխանել է մասնակիցների հարցերին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանին հարց է ուղղվել, թե ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն ի՞նչ օգուտներ տվեցին։ «Չե՞ք դառնում հակամարտող կողմ, երբ հայ-թուրքական սահմանի բացումը կապում եք Ղարաբաղի խնդրի լուծման հետ։ Ինչո՞ւ քանդվեց Կարսի բարեկամության հուշարձանը»,-նշվել է հարցում։
«Արձանագրությունների հետ կապված նշեմ, որ մենք Հայաստանի ժողովրդի իրավունքը պահպանելու խնդրում մեր պարտավորություններն ունենք եւ մեր եղբայր Ադրբեջանի ժողովրդի իրավունքը Հայաստանին չենք պարտադրում։ Արձանագրությունների նպատակը սա է։ Այս քայլերն իրականացնելու ընթացքում պատրաստ ենք բացել սահմանները։ Մենք Մինսկի խմբին կոչ արեցինք կատարել իր պարտականությունը։ Եթե Մինսկի խումբը կատարի իր պարտականությունը, լուծման կհասնենք։
Իմ երկրում 70 հազար հայ է ապրում։ Նրանցից 40 հազարը Հայաստանի քաղաքացիներ են։ Մենք, որ ուզենք, նրանց հետ կուղարկենք, սակայն պահում ենք, հետ չենք ուղարկում։ Քանի որ կարիքից ելնելով են եկել մեր երկիր։ Ցանկանում եմ, որ դա էլ իմանաք։ Երբ մենք կազմում էինք արձանագրությունները, այստեղի խնդիրներին լուծում գտնելու համար այդ քայլն արեցինք։ Ես էլ եմ բանակցությունների մի որոշակի փուլի մասնակցել։
Սակայն տեսնում եմ, որ Հայաստանի իշխանությունները ամաչում են Սփյուռքից։ Երբ այդ ամաչկոտությունը մի կողմ նետվի, խնդրի կարգավորումն ավելի հեշտ կլինի։ Այդ պարագայում, սահմաններն էլ կբացվեն, խնդիրներն էլ ավելի արագ կլուծվեն։ Հայաստանի դեմ որեւէ ատելություն եւ քին չունենք»,-ասել է Էրդողանը։