Երեւանում ապրիլի 9-ը հայտարարված է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ կանաչապատման աշխատանքների կազմակերպումը պետք է լինի համակարգված եւ իրականացվի բոլոր վարչական շրջաններում. «Անհրաժեշտ է ներգրավել բոլորին եւ կարեւոր է, որ այն ինքնանպատակ չլինի: Պետք է ապահովել նաեւ այդ ծառերի հետագա խնամքը»,- շեշտադրել է քաղաքապետը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կ. Կարապետյանը կարեւորել է նաեւ բակերի բարեկարգման, կանաչապատման եւ խաղահրապարակների տեղադրման աշխատանքների իրականացումը:
Անդրադառնալով ապրիլի 1–ից մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշմանն հաջորդած Երեւանում հաշվառում չունեցող քաղաքացիների դժգոհություններին, քաղաքապետը հանձնարարել է հարցը քննարկել եւ կարճ ժամկետում առաջարկել լուծումներ:
«Մաքուր եւ բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարեւոր է նաեւ յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ»,- նշել է Երեւանի քաղաքապետը` ադրադառնալով Երեւանի աղբահանության խնդրին: «Շատ գործառույթներ կան, որտեղ ակնհայտ են մեր բացթողումները, բայց կան նաեւ թերացումներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված են մեր համաքաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի հետ»,- ասել է նա:
Ըստ այդմ, Կարեն Կարապետյանն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երեւանցիների մեջ քարոզել պատասխանատվություն` քաղաքը մաքուր պահելու հարցում: