Ազատության հրապարակում տեղակայված մանկական ատրակցիոններն այնտեղից դուրս են բերվել դեռ անցած շաբաթ՝ մարտի 30-ին. պատճառը եղել է կարուսելների եւ բատուտների՝ տեխնիկական պահանջներին չբավարարելը։ Այս մասին ասում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Հարցին, ատրակցիոնները հանվել են քաղաքապետ Կարեն Կարապետյանի՞ հանձնարարականով, լրատվական ծառայության աշխատակիցը պատասխանեց. «Պարզապես բատուտները եւ կարուսելները երկար ժամանակ գտնվել են բաց երկնքի տակ եւ անվտանգության տեսանկունից այնքան էլ լավ վիճակում չեն»,- ավելացնելով, որ մոտենում էին, սակայն դեռեւս չէին ավարտվել ատրակցիոններ տեղադրած ընկերության հետ պայմանագրի ժամկետները։
Ինչպես փոխանցեցին, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչությունից, Ազատության հրապարակում մինչեւ մայիսի 15-ը, երեկոյան համերգներ, այնուամենայնիվ տեղի կունենան։
Հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանից, ով ասաց, որ Ազատության հրապարակն ատրոկցիոններից ազատելը նոր ձեռքբերում եւ նվաճում չէ, եւ որ «իշխանությունները շարունակում են իրենց բթամիտ կեցվածքը»։
Հարցին, թե նախապատրաստվո՞ւմ է արդյոք ՀԱԿ-ն ապրիլի 8-ին կայանալիք հանրահավաքից հետո կրկին մտնել Ազատության հրապարակ, Զուրաբյանն ասաց, որ դա կորոշի ժողովուրդը։ «Մեր վերջնական նպատակն այն է, որ ցանկացած քաղաքական ուժ, դիմելով քաղաքապետարանին, Ազատության հրապարակում ազատորեն, առանց խոչընդոտների հանրահավաք անցկացնելու իրավունք ստանա»։
Նշենք, որ մարտի 17-ին տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքից հետո ժողովուրդը մտել էր Ազատության հրապարակ։ Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցներին չէր խոչընդոտել։
Apr 5, 2011
Լեւոն Զուրաբյան. Ժողովուրդը կորոշի՝ ապրիլի 8-ին մտնի՞ Ազատության հրապարակ, թե` ոչ
5:43 PM
Նորություններ Հայաստանից