Apr 5, 2011

ՀԱԿ-ը ապրիլի 8-ին ամփոփելու է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3 տարին

Հայ ազգային կոնգրեսը ապրիլի 8-ին տեղի ունենալիք հանրահավաքում գնահատական է տալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3 տարիներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 5-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ իր գնահատմամբ, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երեք տարիները եղել են աղետալի, քանի որ Հայաստանը ձախողումներ եւ հետընթաց է արձանագրել բոլոր ոլորտներում` թե’ տնտեսական, թե’ արտաքին քաղաքական եւ թե’ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության:

ՀԱԿ համակարգողը նշեց, որ Հայաստանը միակ երկիրն է, որի տնտեսությունը ՀՆԱ-ի 5 տոկոս անկում է արձանագրել, 2008-20010 թվականներին աշխարհում եղել է գնանկում, սակայն Հայաստանում տարեկան միջինը 7 տոկոս գնաճ է արձանագրվել: Այս ցուցանիշներն, ըստ Զուրաբյանի, վկայում են, որ երկրում գնաճը պայմանավորված է ոչ թե համաշխարհային գներով, այլ կազմակերպված թալանի եւ կողոպուտի հետեւանք են:

Նա անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը` նշելով, որ կործանվեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, բայց ավելի շատ կորուստներ արձանագրվեցին ղարաբաղյան ճակատում, ինչի վկայությունն են ԼՂ խնդի վերաբերյալ ընդունված բանաձեւերում եւ հայտարարություններում ոչ հայանպաստ ձեւակերպումների ի հայտ գալը:

Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում նույնպես, ըստ ընդդիմադիր գործչի, իրավիճակն անմխիթար է` քաղբանտարկյալները շարունակում են բանտերում մնալ, իսկ Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունների գոյատեւման հիմնական երաշխիքը կեղծիքներն եւ անօրինականությունն են:

Հարցին, թե ապրիլի 8-ին նախատեսված հանրահավաքին ՀԱԿ-ն իր պահանջների կատարման համար վերջնաժամկետ կներկայացնի՞ իշխանությանը, Զուրաբյանը պատասխանեց, թե այդ հարցի «սպառիչ պատասխանը» կտրվի Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ապրիլի 8-ի հանրահավաքում: ՀԱԿ-ը, ինչպես հայտնի է, իշխանություններին երեք պահանջ է առաջադրել` քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի բացահայտման կամքի դրսեւորում եւ Ազատության հրապարակում երաշխավորված հանրահավաքներ անցկացնելու իրավունքի ապահովում:

Հիշեցնենք, որ ՀԱԿ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 8-ին , ժամը 18:00-ին, Մատենադարանի մոտ: Հանրահավաքին կհաջորդի երթը:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites