Ապրիլի 8-10-ը Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կկայանա ամենախոշոր ութերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Շինարարություն և վերանորոգում EXPO 2011» խորագրով:
Ցուցահանդեսը մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:
Ցուցահանդեսին կմասնակցեն խոշոր շինարարական ապրանքանիշեր ոչ միայն Թուրքիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Պարսկաստանից, այլև մի շարք այլ զարգացած արդյունաբերությամբ երկրներից: Իրենց ապրանքը կներկայացնեն ավելի քան 100 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող ներդնող, շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ, միջազգային մասնակիցները 30%-ն են կազմում:
Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, Հայաստանի շինարարների միությունը, Հայաստանի ճարտարապետների միությունը և Հայաստանի դիզայներների միությունը: Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է: