Apr 5, 2011

Հայաստանի ամբողջ տարածքում ինտերնետն անջատել էր 75-ամյա վրացուհին

«Երկաթուղի տելեկոմ» օպտիկամանրաթելային կաբելային մագիստրալի վնասման մեջ, որի հետեւանքով մարտի 28-ին առանց ինտերնետի էր մնացել ողջ Հայաստանը եւ Վրաստանի մեծ մասը, մեղադրվում է Վրաստանի 75-ամյա մի բնակչուհի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Զուրաբ Գվենետաձեն։

Նրա խոսքով, կինը խոստովանել է իր մեղքը։ Նա պատմել է, որ Մծխեթիի Քսանի գյուղի մերձակայքում հողի մեջ պղինձ է փնտրել, ինչի ժամանակ էլ վնասել է «Երկաթուղի տելեկոմ» օպտիկամանրաթելային կաբելային մագիստրալը։ Ինչպես հայտնել է Գվենետաձեն, կինը համախոհներ չի ունեցել եւ գործել է միայնակ։

Նրա խոսքով, քրեական գործ է հարուցվել։

Օպտիկամանրաթելային կաբելային մագիստրալը, որի միջոցով ինտերնետը Եվրոպայից հասնում է Վրաստան, իսկ հետո՝ Հայաստան եւ Ադրբեջան, «Երկաթուղի տելեկոմ»-ի սեփականությունն է։ Մալուխը տեղակայված է հողում, բայց թե ինչ խորության տակ, չի հաղորդվում։

Նշենք, որ մարտի 28-ին ողջ Հայաստանը մնացել էր առանց ինտերնետի, Վրաստանում վնասվել էին երկու ինտերնետ-մալուխներ, որոնք Հայաստանը կապում են համաշխարհային ցանցի հետ։

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites