Apr 11, 2011

Արարատյան թեմ. Զատիկը նոր մահացածի 40 օրը չի կտրում, իսկ ձու ներկելը պարտադիր է

Արարատյան հայրապետական թեմը պարզաբանումներ է ներկայացրել Զատիկի տոնի հետ կապված մարդկանց առավել հուզող հարցերի վերաբերյալ:

Արարատյան հայրապետական թեմից հայտնում են, որ Մասնավորապես, նշվում է, որ Զատիկի օրն այս տարի չի փոխվելու` կապված այն փաստի հետ, որ այն համընկել է ցեղասպանության հիշատակի օրվա` ապրիլի 24-ի հետ:

Եկեղեցին անդրադարձել է նաեւ հարցին, թե քանի որ Զատիկն այս տարի Եղեռնի հետ է համընկնում, հավկիթ ներկե՞լ, թե` ոչ եւ եթե նոր հանգուցյալ կա, հավկիթ ներկե՞լ, թե` ոչ:

«Ս. Հարության տոնին պարտադիր ներկում են հավկիթը, քանի որ Քրիստոսի արյունը թափվեց, թե՜ ննջեցյալների հոգիների, եւ թե տիեզերքի փրկության համար:

Հավկիթը համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մյուս հարցին, թե Զատիկը նոր մահացածի 40 օրը կտրո՞ւմ է, թե` ոչ, Եկեղեցին պատասխանում է. «Ո՜չ: Եկեղեցական ոչ մի տոն չի կտրում հանգուցյալի տարին, քառասունքը կամ յոթնօրեքը: Զատիկի հաջորդ օրը Մեռելոց է: Մարդիկ գալիս են եկեղեցի, մասնակցում Մեռելոցի Ս. Պատարագին: Ս. Պատարագի ավարտին կատարվում է հոգեհանգիստ, որտեղ հիշվում են մեր մերձավոր հանգուցյալների անունները, որից հետո այցելում ենք գերեզմաններ»:

Ինչ վերաբերում է նոր հանգուցյալի գերեզման այցելելու օրվան, Եկեղեցին սրան պատասխանում է«Պետք չէ այցելել գերեզման ո՜չ շաբաթ, ոչ կիրակի օրերին: Այլ գերեզման պետք է այցելել երկուշաբթի` Մեռելոցին»:

Նշենք, որ այս տարի Զատիկը` Քրիստոսի հարության օրը կնշվի ապրիլի 24-ին: Ապրիլի 23-ին` երեկոյան ժամերգությունից հետո տեղի կունենա Ճրագալույցի Ս. Պատարագ, որով պահեցողները կլուծարեն պահքը Ս. Հարության ավետիսով:

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites