Մի քանի օր առաջ` մարտի 30-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 17-ամյա Գևորգ Խ.-ն տիրապետելով համակարգչային և ծրագրավորման որոշակի հմտությունների՝ շուրջ մեկ ամիս առաջ ստեղծել է pokerakcia.tk և akcia.tk ինտերնետային կայքերը, որոնց մեջ տեղադրել է www.odnoklassniki.ru կայքի կրկնօրինակը:
Այնուհետև www.odnoklassniki.ru կայքի Poker world club խաղի հայտարարություններ բաժնում, կեղծ գովազդի միջոցով, խաղացողներին հրավիրել է մտնել իր կողմից ստեղծված կայքերը: Վերջիններս համոզված լինելով, որ բացել են www.odnoklassniki.ru կայքը, մուտք են արել իրենց անուններն ու գաղտնաբառերը, իսկ Գևորգ Խ.-ն որսալով այդ տվյալները՝ դրանք ուղարկել է իր էլեկտրոնային փոստի հասցեով, որից հետո օգտագործելով նշված գաղտնաբառերը` մուտք է գործել քաղաքացիների անկետաներն ու իր հաշվին փոխանցել Poker world club խաղի նրանց միավորները:
Գևորգ Խ.-ն ներկայացրել է իր անձնական օգտագործման էլեկտրոնային փոստի հասցեն, որտեղ առկա էին 57 «կոտրված» www.odnoklassniki.ru կայքի՝ տարբեր քաղաքացիներին պատկանող էջերի գաղտնաբառեր: Ոստիկանության հաղորդմամբ, կատարվում է քննություն: