Ըստ մամուլի, վերջին շրջանում Ֆինանսների նախարարությունը գրեթե կաթվածահար վիճակում է. և պատճառը ամենևին ֆինանսական խնդիրները չեն, կամ ինչ-որ ներքին աշխատանքային մթնոլորտը, այլ այն նոր տեխնոլոգիաները, որ ներդրվել են Ֆիանանսների նախարարությունում:
Խնդիրը նրանում է, որ սույն նախարարությունում վերջերս ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նոր համակարգ, բայց Ֆիննախարարության աշխատակիցները այդպես էլ չեն կարողանում ամբողջությամբ տիրապետել նոր տեխնոլոգիաներին: Արդյունքում կուտակվել են Ֆինանսների նախարարության հսկայական պարտքեր տարբեր գերատեսչություններին, որոնք կաթվածահար են անում նաև նրանց աշխատանքը: Ստացվում է, որ նոր տեխնոլոգիաները, որոնք կոչված էին ավելի արագ և արդյունավետ դարձնելու այս նախարարության աշխատանքը, իրականում, ճիշտ հակառակ ձևով, սկսել են խոչնդոտել այս նախարարությանը: Իսկ արդյուքնում, խնդիրներ են առաջացել նաև մյուս գերատեսչություններում:
Թերևս բացակայում է այն տարրական ջանքը, որ պիտի գործադրեն մեր ազգային չինովնիկները այս նոր համակարգը յուրացնելու համար: Ցանկացած նոր երևույթ որոշակի ժամանակի ընթացքում է յուրացվում, դա միանգամայն հասկանալի է: Բայց երբ խոսք է գնում այնպիսի կարևոր գերատեսչության մասին, ինչպիսին Ֆինանսների նախարարությունն է, որի աշխատանքային խաթարումը կարող է անդրադառնալ նաև մյուս գերատեսչությունների վրա, ապա ամեն ինչ պետք է անել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի նույնիսկ մամուլը չհասցնի անդրադառնալ դրան:
Մեզ մոտ, ցավոք, դեռ այդպես չէ, և այսօր արդեն մամուլը անդրադարձել է այս լուրջ բացթողմանը: